Մատչելիության հղումներ

Իրանում նախագահական ընտրություններ են, փորձագետները երկրի քաղաքական կուրսի կտրուկ շրջադարձեր չեն կանխատեսում


Թեհրան, նախագահական ընտրություններ, 19-ը մայիսի, 2017 թ․
Թեհրան, նախագահական ընտրություններ, 19-ը մայիսի, 2017 թ․

Իրանում այսօր նախագահական ընտրություններ են, ինչի շուրջ ինտրիգը, թերևս, կպահպանվի մինչև վերջին պահը: Թե՛ բարեփոխական, և թե՛ պահպանողական ուժերը հաջողության հասնելու գրեթե հավասար շանսեր ունեն: Երկու ճամբարներն էլ արել են հնարավորը՝ արդեն առաջին փուլում հաղթանակի հասնելու համար:

Ավելի քան 55 միլիոն իրանցիների համար ընտրատեղամասերն այսօր բաց են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ից: Նախագահի աթոռի համար պայաքարում են չորս թեկնածու, որոնցից առաջատար են համարվում գործող նախագահ Հասան Ռոհանին, ով չափավոր գծի և Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից է, և կոշտ գծի հետևորդ՝ պահպանողական Էբրահիմ Ռաիսին, ում ընտրվելու դեպքում երկիրը կրկին կարող է հայտնվել մեկուսացման մեջ:

Իրանական լրատվամիջոցները կատակում են, գրելով, թե պայքարը սևի և սպիտակի միջև է: Ռոհանին կրում է սպիտակ չալմա՝ որպես աստվածաբան, իսկ Ռաիսին՝ սև չալմա՝ որպես Մուհամեդ մարգարեի հետևորդ: Վերլուծաբանները, սակայն, համոզված են՝ բոլոր քվեների հասցեատերը մեկ գույն ունի՝ պահպանողականություն: Այդ իմաստով կարևոր չէ՝ ով է հաղթողը, քանի որ ցանկացած պարագայում, ըստ փորձագետների, երկրի քաղաքական կուրսը կմնա անփոփոխ:

Անկախ հարցումների համաձայն՝ 2013 թվականից իրանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոհանին ընտրությունների նախօրեին շուրջ 20 տոկոսով գերազանցում էր Ռաիսիին: Այդուհանդերձ, արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ Իրանում անցկացվող հարցումների արդյունքներն այնքան էլ արժանահավատ չեն: Իրանական լրատվամիջոցներն էլ հիշեցնում են, որ 1981 թվականից ի վեր Իրանի բոլոր նախագահները երկրորդ ժամկետով հաջողությամբ վերընտրվել են այդ պաշտոնում:

Ըստ վերլուծաբանների՝ ընտրողների ակտիվության դեպքում մեծ են 68-ամյա Ռոհանիի հաղթանակի հնարավորությունները, թեև ընդդիմադիր Ռաիսին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի մերձավորներից է: Գործող նախագահի հիմնական մրցակիցը ճանաչված իրավաբան է, շուրջ 25 տարի եղել է Թհրանի դատախազի տեղակալը: 56-ամյա Ռաիսին մեկն էր այն չորս դատավորներից, որոնցից ձևավորված խումբը համարվում էր «մահվան հանձնաժողով»: Այդ հանձնաժողովը 1988 թվականին մահապատժի է դատապարտել ավելի քան 4 հազար քաղբանտարկյալի:

Ավելի վաղ Իրանի նախագահական մրցապայքարին մասնակցելու հայտ էր ներկայացրել 1600 թեկնածու, սակայն, Սահմանադրության պահապանների խորհուրդը գրանցեց նրանցից միայն վեցին: Գրանցված վեց թեկնածուներից երկուսը քվեարկության նախաշեմին ինքնաբացարկ հայտնեցին: Նրանցից մեկը՝ Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ հօգուտ ընդդիմադիր Ռաիսիի, իսկ մյուսը՝ առաջին փոխնախագահ՝ բարեփոխական Էսհաղ Ջահանգիրը՝ հօգուտ գործող նախագահի:

Քարոզարշավի ժամանակ երկու հիմնական թեկնածուները կոշտ կերպով քննադատում էին միմյանց: Ռոհանին հայտարարում էր, որ իր մրցակիցը երկիրը վերադարձնելու է պատժամիջոցների և մեկուսացման դարաշրջան: Ի պատասխան՝ Ռաիսին գործող նախագահին մեղադրում էր երկրի սոցիալ-տնտեսական ծանր խնդիրները լուծելու անկարողության մեջ: Ընդդիմադիր թեկնածուն պնդում էր, որ Ռոհանին պատրաստ չէ՝ դիմակայելու արտաքին ճնշումներին:

Եթե այսօր թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի ստանալ ձայների 50 տոկոսից ավելին, մայիսի 26-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը: Իրանում նախագահությունը ընտրություններով որոշվող ամենաբարձր պաշտոնն է, սակայն, բարձրագույն իշխանությունը շարունակում է մնալ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ձեռքում: Հենց նա է վերջին 30 տարիներին վերահսկում երկրի արտաքին քաղաքականությունը, զինված ուժերը, դատարանը, լրատվամիջոցները և մյուս առանցքային օղակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG