Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանն «անլուրջ է» համարում է Սերժ Սարգսյանի հայտարարությունները


Արամ Մանուկյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը տարօրինակ է համարում այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան կարգավորման մասին առաջին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին արձագանքում է միայն ամիսներ անց:

«Սերժ Սարգսյանին կարող էինք մեղադրել կոռուպցիայի մեջ, իշխանատենչության մեջ, իշխանագողության մեջ, փողասիրության մեջ, բայց ես առաջին անգամ եմ էսպիսի անլրջություն տեսնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը։ - «Թող բարի լիներ շուտ ասեր, որ քաղաքացին շփոթված մեզ չքվեարկեր, թե չէ ամբողջ ժողովուրդը կարող էր մեզ քվեարկեր, և ինքը մնար բարձր ճշմարտությունը ժողովրդին չհայտնած։ Էդ մեկ: Երկրորդ՝ անլրջություն ես գիտեք որտեղ եմ տեսնում. էն, որ որոշ քաղաքական գործիչներ, երևացողներ, երևալու ցանկություն ունեցողներ պոռոտախոսությամբ զբաղվում են, էդ նորմալ եմ համարում, բայց էն որ երկրի առաջին դեմքը կարա էս նեղ վիճակին, ամեն օր սահմանին զոհ ունենալով, էս վիճակի մեջ պոռոտախոսությամբ հաղթանակներ արձանագրի Ադրբեջանի նկատմամբ, ես լուրջ չեմ համարում»:

Հայաստանի նախագահը երեկ Ազգային ժողովին առաջին նիստում ունեցած իր ելույթում ասել էր, թե նախընտրական շրջանում փորձ արվեց վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկը, որը 1997-ին էլ չէր էլ հավակնում հարցի հանգուցալուծում լինել։

Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը չի փոխել։ Ազգային ժողովի ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած ընդդիմադիր կուսակցությունը նախընտրական քարոզարշավին մասնակցում էր «Խաղաղություն և բարիդրացիություն» կարգախոսով։ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե սեղանին որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակն է՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։

«Հիմա էլ մենք պնդում ենք, որ Հայաստանի պատրաստակամությունը և այդ պատրաստակամության մասին հայտնելը խաղաղ բանակցության և փոխզիջումային լուծման թիվ մեկ լուծումն է, և միակ լուծումը։ Ավելին ասեմ, էս մի քանի օրը մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը կարող է վերցնել այն նախաձեռնությունը, որ ինքը գնում է բանակցությունների, ինքը կողմ է բանակցությունների, ինքը կողմ է խաղաղ լուծման, ինչը Մամեդյարովն արդեն արել է, և միջազգային կառույցներին ներկայացնի, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների, իսկ Հայաստանը պատաստ չէ։ Այ էստեղ մենք կկորցնենք»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական շրջանում Հայաստանի իշխանություններին փորձում էր «դրդել» ստորագրել սեղանին դրված փաստաթուղթը։ Սերժ Սարգսյանը, սակայն, ըստ Սաֆարյանի, գիտակցում էր, որ այսպիսով իշխանությունը կկորցնի․ - «Այդպիսի լուծման գնացող նախագահը երբեք չի կարող ուղղակի պաշտոնին մնալ։ Պարզապես չի կարող։ Հիմա չգիտեմ արդոք Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանում էր, որ եթե Սերժ Սարգսյանը գնա այդ տարբերակի ընդունմանը, կազանյան տարբերակի ընդունմանը, դա կբերի իր պաշտոնանկությանը, միգուցե այդ անձնական մոտիվացիան էր»:

Ծավալուն իր ելույթում նախագահ Սարգսյանն սակայն ընդգծել էր՝ հիմնահարցը մինչև այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի, կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է և չի թաքցնում դա։

«Հայաստանը բազմիցս կողմ է արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների», - ասել էր Սերժ Սարգսյանը։

Ստեփան Սաֆարյան
Ստեփան Սաֆարյան

Սաֆարյանը նկատում է, թե ելույթն ընդհանուր առմամբ ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանին էր ուղղված․ - «Սերժ Սարգսյանը անձամբ չի կարողացել պատասխանել քննադատություններին, մեղադրանքներին, և հանուն արդարության նրա թիմակիցներն էլ լավագույնս դա չէին կարողանում անել: Այժմ, կարծեք թե, կուտակվածն ասում է հետընտրական շրջանում: Բայց բացի ներքին լսարանին ուղղված լինելը, դա ուղղված էր արտաքին լսարանին: Ի վերջո Ադրբեջանը նույնպես Սերժ Սարգսյանին և Հայաստանի իշխանություններին մեղադրում է ստատուս քվոն պահպանելու մեջ, և հետևաբար ուղղված էր դեսպաններին և արտաքին աշխարհին, որ այդպես չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG