Մատչելիության հղումներ

Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է նման ձևաչափով պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:

Ռիչարդ Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի և համատեղ ծրագրերի շուրջ: Քննարկվել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարապետյանն ու Միլսն անդրադարձել են նաև էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG