Մատչելիության հղումներ

Խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունն անցավ առանց անակնկալների


Այսօրվա նիստում, սակայն, բուռն քննարկման առարկա դարձավ խորհրդարանական մշտական հանձնաժողովների կրճատման շուրջ Հանրապետականի նախաձեռնությունը:

Ազգային ժողովի ղեկավար կազմն արդեն հայտնի է․ կեսօրին խորհրդարանի երեք նորընտիր փոխխոսնակները իրենց տեղերը զբաղեցրին նախագահությունում: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում պարզվեց, որ առավելագույն ձայները ստացել է ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը (84 ձայն): Իշխող ուժի մյուս թեկնածու Արփինե Հովհաննիսյանը ստացել էր 73 ձայն: Ընդդիմությանը տրվող մեկ փոխխոսնակի պաշտոնում «Ծառուկյան դաշինք»-ից առաջադրված Միքայել Մելքումյանի օգտին տրվել էր 65 ձայն:

Խորհրդարանական մշտական հանձնաժողովների թվի կրճատման հարցումը Հանրապետականը չզիջեց ընդդիմադիրներին․ 6-րդ գումարման ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության առանձին հանձնաժող չի գործի:

Խորհրդարանում նախկին 12-ի փոխարեն 9 մշտական հանձնաժողով կլինի, իսկ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը կքննարկվեն պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում:

Էդմոն Մարուքյանը ներկայացրեց «Ելք» խմբակցություն առաջարկը՝ պահպանել Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովն ու ունենալ 10-ը: Գաղափարին կողմ էր նաև «Ծառուկյան դաշինքը»:

Մարուքյանն ասաց․ - «Ձեր առաջարկով մենք ծանրաբեռնում ենք մեկ հանձնաժողով, որը սարսափելի ծանրաբեռնված է՝ զուտ էն պատճառաբանությամբ, որ չունենանք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով»:

Երկար տարիներ իրավապաշտպանի գործունեություն ծավալած Արտակ Զեյնալյանը զգուշացրեց․ - «Կրճատելու դեպքում այս հանձնաժողովը շատ վատ ուղերձ կլինի»:

Հանրապետականն իր առաջարկը հիմնավորում էր նախ պատգամավորների թվի կրճատմամբ (նախորդ գումարման ԱԺ-ի 131 պատգամավորների փոխարեն նոր խորհրդարանում 105 օրենսդիրներ կլինեն), նաև՝ հանձնաժողովներում աշխատանքային ծանրաբեռնվածության անհավասար լինելով: Հարցը ներկայացնող Հրայր Թովֆմասյանը նաև չթաքցրեց՝ բյուջետային խնայողություններ էլ կլինեն․ - «Շատ կոպիտ հաշվարկներ են․ ամեն մի հանձնաժողովի ստեղծումը հինգ տարվա ընթացքում մոտավորապես 70-80 միլիոնի լրացուցիչ ծախս է մեր պետբյուջեի վրա»:

Էդմոն Մարուքյանը միտում էր տեսնում իրենց նախաձեռնությունը մերժելու մեջ: Նա ասաց, թե Դոնթի բանաձևով հաշվարկել է, որ 9 հանձնաժողովներից վեցը պիտի ղեկավարեն Հանրապետականները, 3-ը՝ «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչները, իսկ 10-երորդի դեպքում ընդդիմադիր «Ելք» դաշինքն էլ հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք կստանար․ - «Դուք կրճատում եք 10-րդ հանձնաժողովը, որպեսզի «Ելք» կուսակցությունների դաշինքը 6-րդ գումարման, ձեր կողմից հռչակված հիմնադիր գումարման խորհրդարանում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի հաստիք: Սա է բուն նպատակը այս առաջարկվող նախագծի»:

Նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը արձագանքեց Մարուքյանի հայտարարությանը․ - «Հանրապետական խմբակցության կողմից այս նախագծի ներկայացումը ամենևին քաղաքական անգամ չէ, կուսակցական շահ չունի: Առավել ևս՝ դա բացարձակ չի կարող կոչված լինել կամ նպատակ ունենալ զրկել ընդդիմադիր խմբակցության հանձնաժողովի նախագահի պաշտոնից»:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմության ներկայացուցիչը․ - «Ենթադրենք կա մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով, և նախագահը, ասենք, Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն է կամ Հրայր Թովմասյանը: Ի՞նչ տարբերություն էդ հանձնաժողովը գոյություն ունի, թե գոյություն չունի: Մարդիկ եղել են Գլխավոր դատախազ, Արդարադատության նախարար, եթե մարդու իրավունքները պաշտպանող լինեին, էն ժամանակ կպաշտպանեին․․․ Իրենք մարդու իրավունքները ոտնահարող թիմի ներկայացուցիչ են»:

Արամ Սարգսյանը («Ելք») ամբիոնից ասաց․ - «Նախագահը ձերն է, Ազգային ժողովի նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, ի՞նչ է անելու «Ելք» դաշինքը, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը իրենը լինի․․․ Դոնթի բանաձևը օրինակ դարձրած, ձեր վարչապետի խոսքով ասեմ՝ դոմփելով գնում եք: Է հետո՞, ո՞ւր եք հասնելու էդ դոմփելով․․․ Ի՞նչ է տալու երկրին, ինչ-որ բա՞ն է փոխելու»:

Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ) ընդդիմադիրների ելույթներից եզրակացրել էր, թե նրանք նեղ անձնական շահ են հետապնդում․ - «Այսինքն ձեզ պետք է ծառայողական մեքենա, հանձնաժողովի նախագահի պաշտո՞ն, թե՞ ինչ-որ սկզբունք եք լուծում: Բայց ես ձեր ելույթների մի մասից հասկացա, որ այստեղ պաշտոնի խնդիր է լուծվում: Արմատական ընդդիմությունը իշխանության մեջ լուծում է պաշտոնի խնդիր:

Հանրապետականը պահպանվեց Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որի հնարավոր կրճատման մասին եւս մամուլը գրում էր: Հրայր Թովմասյանը չթաքցրեց, որ դա արվում է քաղաքական դրդապատճառներով․ - «Նախատեսվում է մոտ ապագայում Եվրամիության հետ քաղաքական ոլորտի խորը համագործակցության համաձայնագրի ստորագրում, և մենք մեր թե՛ Սահմանադրությունը, թե՛ Սահմանադրությունից բխող մեր ամբողջ ընթացիկ օրենսդրության հիմքում դրված են հենց եվրոպական իրավական համակարգը և եվրոպական իրավական համակարգի արժեքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG