Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Եռանախագահների ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ մատնանշում է մեղավորին


Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի համաձայնագրերը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը՝ այսօր ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում:

Կիպրոսում անցկացվող նիստում իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի շուրջ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեսակետին, որի համաձայն՝ ժողովրդավար երկրները առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն, և ընդգծել․ - «Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում։ Նման իրավիճակի ականատես եղանք 2016 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»:

«Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը: Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարևորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Ավելին, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Նալբանդյանը:

«Մենք գնահատում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների համաեվրոպական գործիքների հավասար կիրառմանը ողջ մայրցամաքում՝ առանց տարբերակման, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում: Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է ապահովել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ընդհանուր արժեքների և անհատների իրավունքների իրականացումը պայմանավորված չլինի տարածքի կարգավիճակով, որտեղ բնակվում է ժողովուրդը», - ասել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը:

Նույն օրը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին։ «Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», - շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG