«Ծառուկյան» դաշինքից վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ ընտրված Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Այդ մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտնեց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները գրավոր դիմումով ետ չեն վերցնում իրենց դիմումը, կազմվում է արձանագրություն և հրաժարականը համարվում է ընդունված, նշեց Բաբլոյանը:
Ազգային ժողովի նախագահը հայտնեց նաև, որ երեկ գումարած նիստերում Հանրապետական խմբակցությունը խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին, «Ելք» խմբակցությունը՝ համապատասխանաբար Նիկոլ Փաշինյանին և Գևորգ Գորգիսյանին, «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը՝ Գագիկ Ծառուկյանին և Վահե Էնֆիաջյանին, և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը՝ Արմեն Ռուստամյանին և Աղվան Վարդանյանին: