Գլխպավոր դատախազությունը տեղեկացնում է, մայիսի 12-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ սույն թվականի մայիսի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում քաղաքացիներին բաժանվել են քվեաթերթիկներ և ընտրակաշառք, իսկ երբ ինքն այդ ամենը փորձել է նկարահանել, մի երիտասարդ՝ խոչընդոտելով լրագրողի իր մասնագիտական օրինական գործունեությանը, ձեռքից խլել է NOKIA մոդելի բջջային հեռախոսը, մտել նշված շտաբ և բջջային հեռախոսից հեռացրել հեռախոսահամարներն ու կարճ հաղորդագրությունները, իսկ դրանից մոտ 15 րոպե հետո մեկ այլ երիտասարդ անվնաս վիճակում վերադարձրել է իր բջջային հեռախոսը:
Դեպքի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվել են նյութեր, կատարվել են անհրաժեշտ անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ:
«Նախապատրաստված նյութերի արդյունքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ 16.05.2017թ. Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի [ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը] 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի [ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը] 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը», - ասված է հաղորդագրությունում։