Մատչելիության հղումներ

Փոստանջյանը «արտառոց» է որակում իրավապահների պահվածքը Ավանի միջադեպի կապակցությամբ


Հայաստան -- Ոստիկանները քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Զարուհի Փոստանջյանին ուժով դուրս են բերում Տարոն Մարգարյանի Ավանի շտաբից, Երևան, 14-ը մայիսի, 2017թ․

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ Երևանի ավագանու ընտրությունների օրը իշխող Հանրապետականի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավանի շտաբում իր և իր դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունից 24 ժամ անց «իրավապահ մարմինների կողմից համապատասխան գործողություն կատարելու վերաբերյալ արձագանք չկա»:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների նախաձեռնությամբ և նրանց անմիջական մասնակցությամբ իմ և իմ դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն: Բռնությամբ հասցված մարմնական վնասվածքների պատճառով ես և Լիլիթ Դրամփյանը դիմել ենք բժշկական օգնություն ստանալու համար «Շտապ օգնություն» և «Արմենիա» բժշկական հիմնարկներ: Վերը նշված ծառայությունները արձանագրել են մեզ պատճառված մարմնական վնասվածքները ու դրանք ստանալու հանգամանքները, և այդ տեղեկատվությունը, համաձայն սահմանված կարգի, փոխանցել են համապատասխան իրավապահ մարմնին», - իր հայտարարությունում նշել է Փոստանջյանը:

«Բացի վերը նշվածից՝ ԶԼՄ-ները նույնպես հրապարակել են մեր նկատմամբ կատարված բռնությունը: Դեպքից անցել է ավելի քան 24 ժամ, սակայն իրավապահ մարմինների կողմից համապատասխան գործողություն կատարելու վերաբերյալ արձագանք չկա», - հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը՝ շարունակելով․ - «Ակնհայտ արտառոց դեպք է, երբ ուղեղի ցնցում ախտորոշմամբ մարդուն տեղափոխում են հիվանդանոց, և այդ մասին տեղեկացված իրավապահ մարմինը միջոցներ չի ձեռնարկում՝ իրականացնելու իր պարտականությունները` անցկացնելու հետաքննություն»:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Ավանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նյութերի նախապատրաստումը հանձնարարվելու է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, իսկ ՀՀ ոստիկանությունը հանդես էր եկել պարզաբանմամբ, պնդելով, որ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիմքով:

Recommended

XS
SM
MD
LG