Մատչելիության հղումներ

Միջադեպ ՀՀԿ շտաբում, ոստիկանները փորձեցին բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին


Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի պնդմամբ, երբ ինքը, շտաբում ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով, դստեր հետ մտել է ներս, իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել:

«Ազատության» թղթակիցը շտաբ է մտել այն պահին, երբ Փոստանջյանն ու իր դուստրը ուզում էին բացել գրասեղաններից մեկի դարակները, իսկ շտաբի աշխատակիցները թույլ չէին տալիս դա անել:

Դեպի վայր եկած մի քանի տասնյակ ոստիկանները, ուժի գործադրմամբ, հրելով, քարշ տալով, շտաբից դուրս բերեցին թեկնածուին և նրա դստերը: Փոստանջյանի ինքնազգացողությունը վատացավ, երբ ոստիկանները փորձում էին նրան նստեցնել ոստիկանության մեքենան: Մինչդեռ նրա դստերը ոստիկանները բերման ենթարկեցին, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակեցին:

Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ - «Հորդորում ենք մեր մրցակիցներին զերծ մնալ ՀՀԿ շտաբերի բնականոն գործունեությունը խոչընդոտելու քայլերից, խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը, իրավապահ մարմիններին կոչ ենք անում շարունակական ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար, իսկ լրատվական միջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ցուցաբերել անաչառ և անկողմնակալ վերաբերմունք»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG