Գլխավոր դատախազության հաղորդմամբ, ԳԴ-ում ձևավորված աշխատանքային խումբն ընտրախախտումներին առնչվող հաղորդումներից առանձնացրել է «միայն զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումները»:
«Ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 79 հրապարակում:
Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա է դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 38 ահազանգերը: Ընդհանուր 117 հաղոդումներից՝ 53-ը վերաբերել են ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, այդ թվում՝ 14-ը առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերին (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 29-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, ինչպես նաև թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված), 20-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), 11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված), 3-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված), 1-ը՝ ընտրական փաստաթղթերը հափշտակելու ենթադրությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.7-րդ հոդված):
Նշված բոլոր հաղորդումները օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ»,- մասնավորապես, նշված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում: