Մատչելիության հղումներ

Դատախազության պաշտոնյան իրավաչափ է որակում Փոստանջյանի նկատմամբ ոստիկանների գործողությունները


Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 14-ը մայիսի, 2017թ․

Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում իրավաչափ որակեց այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի նախընտրական շտաբում ոստիկանների գործողությունները Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ և Երևանի քաղապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ:

«[Գլխավոր դատախազության] աշխատանքային խմբի տեսադաշտում է այդ տեսանյութը, և օնլայն ռեժիմով աշխատանքային խումբը դիտարկել է, դրա հետ կապված այս պահի դրությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացու կողմից տրվել է հաղորդում, և, բնականաբար, այդ տեսանյութի հետ կապված համապատասխան ստուգողական գործողությունները կատարվելուց հետո նոր իրավական գնահատականի մասին կարող ենք խոսել», - միջադեպի իրավական գնահատականի վերաբերյալ «Ազատության» հարցին արձագանքեց Գլխավոր դատախազության ներկայացուցիչը՝ շարունակելով․ - «Այս պահին վաղ է իրավական հարթության մեջ դատողություններ կատարելու, երբ որ կնախապատրաստվեն համապատասխան նյութեր, ձեռք կբերվեն որոշակի փաստական տվյալներ, և դրանց համակցության արդյունքում հնարավոր կլինի որոշակի իրավական գնահատական տալ»:

«Դուք տեսել եք տեսանյութը, ասացիք, ոստիկանության գործողությունները իրավաչա՞փ էին», - այս հարցին Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Իհարկե իրավաչափ էին: Այն, ինչ որ տեղի ունեցավ այնտեղ՝ շտաբից դուրս հրավիրելու շտաբում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց, ես կարծում եմ, որ ամբողջությամբ, համենայն դեպս՝ քրեական դատավարության օրենսդրության տեսանկյունից իրավաչափ էր»:

«Այսինքն, Ազգային ժողովի պատգամավորին կարող են այդպես դո՞ւրս հրավիրել, դո՞ւրս տանել», - այս դիտարկմանն էլ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հակադարձեց․ - «Եթե պետք է տեղի ունենա որոշակի պրոցես, դատավարական պրոցես, այս պարագայում դա կլինի Ազգային ժողովի պատգամավոր, թե կլինի շարքային քաղաքացի, եթե իրավունք չունի ներկա գտնվելու, ուրեմն՝ իրավունք չունի ներկա գտնվելու: Բերման չի ենթարկվել թեկնածուն, բնականաբար, եթե դուք տեսանյութը մինչև վերջ նայել եք, թեկնածուն բերման չի ենթարկվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG