Մատչելիության հղումներ

ԼՂ պաշտպանության և ԱԳ նախարարները Կասպշիկի հետ քննարկել են վերջին օրերին հաճախակի դարձած հրադադարի խախտումները


Լևոն Մնացականյան և Անջեյ Կասպշիկ, արխիվ
Լևոն Մնացականյան և Անջեյ Կասպշիկ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը, մասնավորապես վերջին օրերին հաճախակի դարձած հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներն ու ադրբեջանական զինուժի կողմից հրանոթների ու ականանետերի կիրառումը», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Նույն օրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են շփման գծում առկա իրադրությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, Կարեն Միրզոյանը ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերին։

«Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թվականի մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հրատապությունը», - ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեության վերաբերյալ մի շարք հարցերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG