Մատչելիության հղումներ

Պաշտպանի աշխատակազմը քննարկման ընթացակարգ է սկսել լրագրող Աննա Զախարյանի դեպքի հիման վրա


Պաշտպանի աշխատակազմում սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի դեպքի հիման վրա քննարկման ընթացակարգ:

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 12-ի հրապարակման համաձայն՝ մայիսի 11-ին, երեկոյան, բռնություն է կիրառվել թերթի լրագրող Աննա Զախարյանի նկատմամբ: Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբում ընտրողներին ընտրակաշառք և նշումով քվեաթերթիկներ են բաժանվել, և տեղում տեսանկարահանում անելիս՝ խոչընդոտվել է իր մասնագիտական օրինական գործունեությունը. խլել են հեռախոսը, ջնջել դրա պարունակությունը:

«Լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելն անթույլատրելի է: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանի աշխատակազմը նաև նշում է, որ նույն նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու և իր վստահված անձին մարմնական վնասվածք հասցնելու, հեռախոսը կոտրելու վերաբերյալ հրապարակային տեղեկություններ է տարածել նաև «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Նշված տեղեկությունների հիման վրա՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Այդ տեղեկություններն ուղարկվել են Գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու և լուծելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG