Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն հասկացել է, որ այլ ուժերի հետ թեժ պայքարի մեջ մտնելու դեպքում պարտության հավանականությունը մեծանում է. Արմեն Գրիգորյան


«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանի գնահատմամբ, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը պասիվ է ընթանում։

Ըստ Գրիգորյանի, Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հասկացել է, որ որևիցե քաղաքական ուժի հետ թեժ պայքարի մեջ մտնելու դեպքում իր պարտության հավանականությունը մեծանում է։

«Հանրապետականը հասկացել է, որ երբ թեժ պայքարի մեջ է մտնում որևիցե քաղաքական ուժի հետ, ապա հավանականությունը շատ է մեծանում, որ Հանրապետականը չի կարողանալու կրի, կամ եթե կրում է՝ շատ ավելի դժվարությամբ։ Դրա համար հանրապետականներն աշխատում էին քննարկումների մեջ չմտնել։ Նույնիսկ կուսակցությունների առաջնորդների մակարդակով բանավեճեր տեղի չունեցան՝ ինչպես Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, այդպես էլ այս ընթացքում, ու դա ավելի շատ գալիս է հանրապետականներից՝ Հանրապետականը չի ցանկանում քննարկումների մեջ մտնել, որովհետև այդ հարցում, կարելի է ասել, հենց ի սկզբանե Հանրապետականը պարտված է», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամը։

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ ընտրվելու դեպքում խոստանում է մայրաքաղաքի բյուջեից 15 հազարական դրամ հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից:

Հարցին, թե այս առաջարկն ընտրակաշառք համարո՞ւմ է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. - «Ես չէի ասի, որ հետաքրքիր առաջարկ է, ես կասեի, որ ավելի շատ զավեշտալի առաջարկ էր, անհասկանալի, անհիմն, ու ընտրական ինստիտուտի ընդհանրապես ընդդիմության կողմից վնաս հասցնելու քայլ էր»։

Գրիգորյանը, վկայակոչելով Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածն, ասաց, որ դրամական խոստում տալն արգելվում է։ «Այստեղ «Ելք»-ն ունի հիմնավորում, որ սա դրամական պարգև չէ, սոցիալական օգնություն է։ Կապ չունի, թե ինչ միջոցներից է հատկացվում, ընդհանրապես օրենսգիրքը չի նշում՝ պետական, թե այլ միջոցներով, բայց սոցիալական օգնության խնդիրն այստեղ նաև նրանում է կայանում, որ «Ելք»-ն ասում է, որ իր հաղթանակի դեպքո՛ւմ միայն կստանա, այսինքն՝ այնպես չէ, որ ընդհանրացված է։ Այդ սոցիալական օգնությունը կավելացվի միայն այդ դեպքում, եթե «Ելք»-ն ընտրվի, ինչը նշանակում է, որ քաղաքացուն խրախուսում են իրենց ընտրի, որի արդյունքում իրենք 15 հազար դրամ կվճարեն։ Մի տեսակ ընտրակաշառքը լեգիտիմացվում է, իրենք նաև հիմնավորում են, որ սա կատարում է նաև Տարոն Մարգարյանը, բայց բոլորը դրան դեմ են՝ պետական միջոցները չի կարելի օգտագործել», - ասաց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամը։

Գրիգորյանի խոսքով՝ եթե նայենք 1991 թվականից սկսած բոլոր ընդդիմադիր ուժերի գործունեությունը, կտեսնենք, որ հիմնականում իրենք իրենց ընտրազանգվածն իջեցրել են իրենց սխալ քայլերի պատճառով։ «Այսինքն՝ իրենք այնպիսի քայլեր են արել, որ հանրության կողմից ընդունելի չի եղել, և վերջում հայտնվել են շատ ծանր վիճակում, նույնիսկ՝ խորհրդարանից դուրս», - ասաց Արմեն Գրիգորյանը։

XS
SM
MD
LG