Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական առաջարկը


Մինչ այդ, փորձագետները տարբեր գնահատականներ են տալիս «Ելք» դաշինքի աղմկահարույց խոստմանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուսումնասիրում է «Ելք» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոստումը: Վերջինս խոստանում էընտրվելու դեպքում մայրաքաղաքի բյուջեից 15 հազարական դրամ հատկացնել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից:

Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ուսումնասիրությունից հետո հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ, և եթե պարզեն, որ այդ խոստումը հակաօրինական է, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Փաշինյանի նախընտրական այս խոստումը հայտնվել է ընդդիմադիրների քննադատության թիրախում: «Երկիր Ծիրանի կուսակցության» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը պնդմամբ, Փաշինյանի առաջարակը ևս ընտրակաշառք է, ինչը քրեորեն հետապնդելի արարք է: Խորհրդարանից դուրս մնացած ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նույնպես չի արադարացնում «Ելք»-ի այս նախաձեռնությունը, ընդգծելով՝ չի կարելի իշխանության դեմ պայքարել վերջինիս զենքով՝ փորձելով օրինականացնել ընտրակաշառքը:

Արդյո՞ք «Ելք»-ը Ընտրական օրնեսգրքի խախտում է թույլ տալիս՝ ընտրողին խոստանալով 15 հազար դրամ, առաջիկայում այս հարցի պատասխանը կտա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Մինչ այդ, «Թրանսփերենսի Ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ անգամ եթե նպատակն ազնիվ է, և ցանկություն կա՝ պայքարել ընտրակաշառքի դեմ, միևնույն է, այն ինչ առաջարկում է Փաշինյանը, Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի խախտում է, որով արգելվում է կուսակցություններին կամ նրանց ներկայացուցիչներին քարոզչության ընթացքում ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Ըստ Տիգրանյանի, առաջին հայացքից կարող է թվալ, թե «Ելք»-ի առաջարկը նպատակ ունի՝ կանխել ընտրակաշառքը, սակայն, ստացվում է, որ քաղաքական ուժը ցանկանում է ապօրինության դեմ պայքարել մեկ այլ հակաօրինական քայլով: «Ոչ թե ցանկացած պարագայում մենք ձեզ կտանք, միայն թե հիմա մի վերցրեք այդ ընտրակաշառքը, այլ կա պայման՝ երբ մենք կընտրվենք, այդ դեպքում, որպես օգնություն, նրանք, ովքեր չեն վերցրել ընտրակաշառքները, կգան, դիմում կգրեն և կստանան օգնություն: Դա նշանակում է, որ տրվում է խոստում՝ իրենց ընտրվելու դեպքում դրամական օգնություն տալու վերաբերյալ: Ես կարծում եմ, որ այդ հայտարարության մեջ օրինականության հետ կապված խնդիր կա: Ապօրինության դեմ մեկ այլ․․․ այսպես, շատ ավելի լղոզված, ոչ ակնհայտ, բայց, ըստ էության, դա ևս հակաօրինական պայքարի ձև է»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

Մինչդեռ՝ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն այլ մոտեցում ունի: Վերջինիս համոզմամբ, այն, ինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, գուցե պոպուլիզմ է, բայց ոչ՝ ընտրակաշառք: Իոաննիսյանի խոսքով, եթե ամեն խոստում որակենք ընտրակաշառք, ապա կստացվի, որ կուսակցություններն այլևս չեն կարողանա նախընտրական խոստումներ տալ:

«Իմ կարծիքով՝ սա ոչ թե ընտրակաշառքի խոստում էր, այլ ավելի շատ՝ նախընտրական խոստում: Ինքը խոստանում է, որ ընտրվելու դեպքում, այսպիսի քայլեր կանի: Տարբերությունը [Գագիկ Ծառուկյանի տված խոստումների համեմատ, ինչի համար վերջինս ԿԸՀ-ի կողմից զգուշացվել էր] հիմնականում այն է, որ էս դեպքում իրենք ասում են՝ իրենք դա կանեն Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում: Ընտրակաշառք կարող էր դիտվել, եթե դա չի բխում լիազորություններից: Իրենք ասում են՝ եթե մենք ընտրվենք, մենք կստանանք լիազորություններ՝ կառավարելու Երևան քաղաքի բյուջեն և մենք կկառավարենք այս կերպ:

Երևանցիները մայիսի 14-ին պետք է որոշեն, թե Երևանի մոտ 84 միլիարդ դրամի բյուջեն ինչպես պետք է կառավարվի: Էս քաղաքական ուժն ասում է՝ էդ բյուջեի կառավարման սահմաններում ես սենց բան կանեմ: Հիմա ես ասում եմ՝ ես որ ընտրվեմ, կբարձրացնեմ բոլորիդ թոշակները 5000 դրամով: Դա նախընտրական խոստու՞մ է, թե՞ ընտրակաշառք: Իմ ընկալմամբ, դա նախընտրական խոստում է, երեմն, իհարկե, պոպուլիզմի վերածվող»,- իր դիրքորոշումը պարզաբանեց Դանիել Իոաննիսյանը :

«Թրանսփերենսի ինթերնեյշընլ» հակակոռւոպիցոն կենտրոնի իրավախորհրդատուն, սակայն շեշտում է՝ հաշվի առնելով, որ այս հարցի շուրջ իրավաբանների շրջանում միանշանակ մոտեցում չկա,շատ կարևոր է լիազոր մարմնի՝ տվյալ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումը վիճահարույց այս հարցի առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG