Մատչելիության հղումներ

Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարումը մտահոգել է մտավորականներին


Գրականագետ Դավիթ Գասպարյանը, արխիվ:

Կրթության և գիտության նախարարության աշխատակազմում որպես առանձնացված ստորաբաժանում գործող Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարումը մտահոգել է շատերին, հատկապես մտավորականներին:

Լրագրողներին այսօր ասուլիսի էին գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր Դավիթ Գասպարյանն ու արձակագիր Սուսաննա Հարությունյանը: Երկուսն էլ համոզված են, որ ոչ մի դեպքում չի կարելի լուծարել Լեզվի պետական տեսչությունը:

«Փակել, կրճատել, սեղմել․․․ էնպիսի ահաբություն ստեղծել, որ մարդը փախչի իր երկրից», - վրդովվում էր Դավիթ Գասպարյանը: - «Այ մարդ, բավական ա, հերիք եղավ: Էսօր Լեզվի տեսչությունը փակենք, վաղն էլ մի ուրիշ բան․․․ Կտրականապես դեմ եմ դրան: Ընդհակառակը, Լեզվի տեսչությունը պետք է աշխատի ու լավ աշխատի»:

Սուսաննա Հարությունյան․ - «Մեր երկրում ամեն ինչ արվում է մտավորականությանը դեմ: Վերջին հաշվով, խոսելիս մենք մեծ-մեծ խոսում ենք՝ հայ ենք մնացել լեզվի շնորհիվ, գրականության շնորհիվ: Բայց էսօր մեր մտավորականության վիճակը, մեր լեզվի վիճակը երկրում․․․ Տեսեք, ասենք, նախագահի մրցանակ ստացած երեք հարյուրից ավելի գիտնականներ, մտավորականներ կան, բայց մենք էկրաններից անընդհատ քաղաքական գործիչների կիսագրագետ զրույցներ ենք տեսնում: Այս ամբողջը, իմ պատկերացմամբ, կոմպլեքս ինչ-որ բան է երկրում մտավորականությունը խեղդելու համար»:

«Ազատության» խնդրանքով բանախոսները գնահատեցին Լեզվի տեսչության կատարած աշխատանքը:

«Երևի լավ չեն աշխատել, որ ուզում են փակել», - ասաց Դավիթ Գասպարյանը: - «Բայց բերեք աշխատեցնենք: Դնենք էնպիսի հիմքերի վրա, որ էդ մարմինը աշխատի: Ֆինանսավորենք, ամեն ինչ անենք, որ աշխատի: Սա է խնդիրը»:

«Չեմ կարծում, թե դա ֆինանսների հետ կապված է», - ասաց Սուսաննա Հարությունյանը: - «Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան կարգի բերել, միայն էն թալանվածի մի մասը եթե հետ բերենք, արդեն չորս Հայաստան կծաղկացնենք: Ես կարծում եմ, որ սա իշխանության կողմից նպատակադրված քայլ է: Մենք էսօր ապրում ենք ինտելեկտուալ և մշակութային պատերազմների դաշտում, և ոչ միայն մենք գիտենք, որ այն, ինչ որ չի անում ոչ մի զենք, անում է լեզուն: Եվ դրա համար հենց հարվածում են մեր լեզվին: Նախ՝ որպեսզի կապը խզվի սերունդների միջև: Հիմա մեզանից քանի՞սը գիտեն արևմտահայերեն կամ գրաբար․․․ Կարծում եմ, որ դա դիտմամբ է արված, և մեր չինովնիկներին գայթակղել են այն գրանտները, որոնք կարելի է ստանալ էդ գործը անելուց: Եվ դեռ կարելի է շատ բաներ թալանել: Լեզվի տեսչությունը, ես համաձայն եմ, որ մինչև հիմա էլ չեղածի հաշիվ էր, բայց մեղքը երևի հիսունը հիսունի էր․․․ Լեզվի տեսչությունը մենք չտեսանք, որ ակտիվ պայքար մղի, դատարաններ դիմի իր իրավունքների համար, լեզվի իրավունքների համար»:

«Պիտի լավ աշխատի: Աշխատեցնենք: Մարդկանց դնենք էնտեղ, ովքեր կարողանան աշխատել: Տալ լիազորություններ․․․ Ի վերջո մեր լեզվի հարցն է, մեր երկրի, մեր ժողովրդի ճակատագրի հարցն է», - եզրափակեց Դավիթ Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG