Մատչելիության հղումներ

Նորաշեն համայնքի ղեկավարի վրա կրակած անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Ոստիկանություն


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա և ուղևորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ:

Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի:

«Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է և միջազգային հետախուզում է հայտարարվել 1978 թվականին ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թվականին ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թվականին ծնված Արթուր Նազարյանի և 1989 թվականին ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ: Դեպքի հանգամանքները ճշտվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում հիշյալ անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG