Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը կալանավորված է Արմեն Պողոսյանի ցուցմունքի հիման վրա


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կալանավորված է Արմեն Պողոսյանի ցուցմունքի հիման վրա։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, պնդելով, որ Սամվել Բաբայանը նշված անձին չի ճանաչում:

«Ազատություն». - Սամվել Բաբայանի գործի հետ կապված ի՞նչ իրեղեն ապացույցներ կան, որը ներկայացնում է մեղադրող կողմը՝ պնդելով, թե Բաբայանը կապ ունի «Իգլա»-ի գործի հետ։

Քալաշյան. - Գործով կա այդ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի խողովակը՝ մեկ հրթիռով, այդ վիճակում այն իր նպատակային նշանակության համար օգտագործել հնարավոր չէ, քանի որ կոմպլեկտավորված չէ՝ բացակայում է կրակի արձակման մեխանիզմը։ «Իգլա»-ն հայտնաբերվել է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ այն հանդիսանում է ռազմամթերք և պիտանի է օգտագործման համար՝ կրակ արձակելու համար։

«Ազատություն». - Մինչդեռ Դուք պնդում եք, որ հնարավոր չէր դրանից կրակ արձակել։

Քալաշյան. - Ես նման բան չեմ պնդում։ «Իգլա» կա, թեկուզ ոչ ամբողջական ռազմամթերքը կա, բայց այլ բան է, թե Սամվել Բաբայանն ի՞նչ կապ ունի դրա հետ, դա այլ բան է. Սամվել Բաբայանին մեղադրում են նրանում, որ իբր նա պատվիրել է ձեռք բերել այդ զենքը, խոստացել է դրա համար դրամական գումար: Խմբի կողմից այն մաքսանենգ ճանապարհով Վրաստանից բերվել է Հայաստան: [Բաբայանը] խոստացել է մի քանի օր հետո վճարել խոստացած 50 հազար ամերիկյան դոլարը: Մեղադրանքում տեղ գտած այդ գործողություններից ոչ մեկը Սամվել Բաբայանի կողմից չեն կատարվել: Գործում առկա է ընդամենը մեկ անձի ցուցմունք, որն ասում է՝ «ենթադրում եմ, որ այդ զենքը Սամվել Բաբայանը կարող է պատվիրած լինել», այդքանը՝ ենթադրում է։ Այդ անձին Սամվել Բաբայանը չի ճանաչում, այդ անձը նույնպես Սամվել Բաբայանին չի ճանաչում։

«Ազատություն». - Կալանավորվա՞ծ է այդ անձը։

Քալաշյան. - Այո:

«Ազատություն». - Դա ա՞յն անձն է, ում Վրաստանում ձերբակալեցին և պետք է տեղափոխեին Հայաստան։

Քալաշյան. - Ոչ։

«Ազատություն». - Իր հետ միաժամանակ ձերբակալված այդ երեք անձանցից մե՞կն է։

Քալաշյան. - Այո։ Սանասար Գաբրիելյանը չէ, երրորդ անձն է։ Այսինքն՝ մեղադրանքի առաջադրման հիմք է հանդիսացել ինչ-որ անձի ենթադրությունը։

«Ազատություն». - Ինչո՞ւ է նա մտածում, որ կարող է Սամվել Բաբայանը դա պատվիրած լինել։

Քալաշյան. - Խնդիրն այն է, որ բացարձակապես ոչնչի վրա հիմնված չէ։

«Ազատություն». - Արմեն Պողոսյանի և Սամվել Բաբայանի միջև առերեսում տեղի ունեցե՞լ է։

Քալաշյան. - Ոչ, չի իրականացվել, և տվյալ պարագայում չպետք է իրականացվեր էլ, քանի որ առերեսում կատարվում է այն դեպքում, երբ որ երկու անձանց ցուցմունքներում էական հակասություններ կան, այսինքն՝ մի անձը պնդում է մի բան, մյուս անձը պնդում է մի բան, բայց ենթադրությունը դա պնդում չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG