Մատչելիության հղումներ

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը Սամվել Բաբայանին կալանավորելով երկու ամսով:

Ինչպես Ազատությանը փոխանցեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 22-ին՝ Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու գործի շրջանակներում: Գործով ձերբակալված են ևս երկու անձ: Սամվել Բաբայանը երեկվա հարցաքննությանը հայտարարել է, որ կապ չունի «Իգլա»-ի հետ և չի ճանաչում այս գործով ձերբակալված մյուս երկու անձանց։ Մինչդեռ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են հենց Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ ու նրա պատվերով:

Մինչդեռ, «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը քաղաքական ենթատեքստ է տեսնում Բաբայանի ազատազրկման մեջ՝ նախկին նախարարի ձերբակալությունը որակելով իրենց դաշինքի դեմ ճնշումների շարունակություն և հայտարարելով, որ պայքարելու են նրան ազատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG