Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմն ասել է, որ երկրի տարածքում հաստատվող անվտանգության գոտիներում հրադադարի ռեժիմը երաշխավորելու են միայն ռուսները, այլ ոչ թե ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային ուժերը:
Վալիդ ալ-Մուալեմի խոսքով, Դամասկոսի համար այլ տարբերակներ ընդունելի չեն, և ոչ մի ուրիշ ուժ չի ստանա հրադադարի պահպանումը ստուգելու, մարդասիրական օգնության բաժանումը հսկելու և անվտանգության գոտիներում այլ զարգացումներին հետևելու հնարավորություն:
«ՄԱԿ-ի ուժեր չեն լինի, Ռուսաստանը, որպես երախշխավոր, հավաստիացնում է, որ գոտիներում կտեղակայվի ռազմական ոստիկանություն և կիրականացվի հսկողություն, ուստի, ՄԱԿ-ը կամ միջազգային ուժերն այդ շրջաններում դեր չունեն»,- ասել է Մուալեմը:
Սիրիայում լարվածության թուլացման [անվտանգության] գոտիներ սահմանելու համաձայնությունը ձեռք է բերվել անցյալ շաբաթ Աստանայում՝ նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի, սիրիական ընդդիմության որոշ խմբերի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում: Սիրիայի հիմնական ընդդիմադիր խմբավորումը լուրջ վերապահումներ ունի գործարքի հարցում, պնդելով, որ Իրանը չի կարող հանդես գալ որպես հրադադարի ապահովման անկողմնակալ համաերաշխավորող:
Համաձայնությունն անցած շաբաթավերջից ուժի մեջ է մտել, և, ըստ Սիրիայից ստացվող հաղորդագրությունների, հիմնականում պահպանվում է: Ասադին սատարող Ռուսաստանը և սիրիական ընդդիմությանը սատարող Թուրքիան հայտնել են, որ պատրաստ են ստորաբաժանումներ տեղակայել անվտանգության գոտիներում, ինչը կնշանակի տարածաշրջանային երեք տերությունների համագործակցության աննախադեպ բարձ աստիճան:
Միացյալ Նահանգները չի ստորագրել լարվածության թուլացմանն առնչվող համաձայնությունը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մատիսը երեկ ասել է, որ Վաշինգտոնում ուշադրությամբ վերլուծելու են այդ գործարքը:
«Սատանան մանրուքներում է, չէ՞: Մենք պետք է ստուգենք դրանք, հասկանանք, թե արդյո՞ք կարող ենք աշխատել այդ համաձայնության հետ, արդյո՞ք այն արդյունավետ կլինի: Կարո՞ղ ենք այն կյանքի կոչել: Այլ կերպ ասած, դեռ կան որոշումներ, որոնք մի շարք երկրներ պետք է կայացնեն այդ խնդրի համակարգման և իրականացման նպատակով: Դեռ շատ աշխատանք կա, որոշ մանրամասների մասին չեմ կարող խոսել, մարդիկ ունենք, որ տեղում դա շատ ուշադիր վերլուծում են»,- ասել է Մատիսը:
Վաղը Վաշինգտոնում պետք է հանդիպեն Ամերիկայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ռեքս Թիլերսոնը և Սերգեյ Լավրովը: Սիրիայի հարցն ու, մասնավորապես, անվտանգության գոտիների հսկումը անպայման կլինի նրանց քննարկումների օրակարգում: