Մատչելիության հղումներ

Լավրովը մեկնում է ԱՄՆ


Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի հանդիպումը Մոսկվայում, 12-ը ապրիլի, 2017թ․
Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի հանդիպումը Մոսկվայում, 12-ը ապրիլի, 2017թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մայիսի 10-ին նախատեսված է նրա հանդիպումը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հանդիպմանը քննարկվելու են Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները և երկկողմ հարաբերությունները: Հաղորդագրությունում նշված է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են Ուկրաինայի արևելքում բռնություններին վերջ տալու անհրաժեշտ քայլերը և հակամարտությունը կարգավորելու հարցը՝ Մինսկի խաղաղ համաձայնագիրը ամբողջովին իրականացնելու միջոցով:

Պետդեպարտամենտի հայտարարությունում նաև նշված է, որ Թիլերսոնը մտադիր է քննարկել Սիրիայում լարվածության թուլացման ջանքերը, սիրիացի ժողովրդին հումանիտար օգնության տրամադրման և հակամարտության քաղաքական կարգավորման պայմաններ ստեղծելու հարցերը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Թիլերսոնի հետ հանդիպմանը կարծիքներ են փոխանակվելու միջազգային առանցքային խնդիրների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերի շուրջ: Լավրովը նաև մասնակցելու է Ալյասկայում մայիսի 10-11-ը կայանալիք Արկտիկական խորհրդի նիստին՝ նախարարների մակարդակով:

Մոսկվան հայտնում է, որ Լավրովի և Թիլերսոնի հանդիպումը ի սկզբանե պլանավորվել էր անցկացնել Արկտիկական խորհրդի նիստի շրջանակում, սակայն հետո որոշում ընդունվեց այն անցկացնել Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Լավրովի հնարավոր հանդիպման հարցը Սպիտակ տունը չի մեկնաբանել:

Հիշեցնենք՝ անցած ամիս Մոսկվա էր ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Նա բանակցություններ վարեց Սերգեյ Լավրովի հետ ու նաև հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, չնայած Պուտինի հետ հանդիպում նախօրոք պլանավորած չէր:

Ըստ ռուսաստանցի փորձագետների՝ ռուս - ամերիկյան շփումները վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել են: «Վալդայ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Դմիտրի Սուսլովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է, որ մայիսի 2-ին կայացավ երկու երկրների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, մայիսի 8-ին Նյու Յորքում բանակցություններ են վարել փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ու պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը: Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ այդ ամենը խոսում է ռուս - ամերիկյան գոնե սահմանափակ փոխգործակցությունը կարգավորելու և որոշ չափով բարելավելու, կամ ծայրահեղ դեպքում՝ հետագա վատթարացումը կանխելու մասին:

Դմիտրի Սուսլովի կարծիքով՝ Լավրով-Թիլերսոն հանդիպմանը հնարավոր է քննարկվի նաև Թրամփ - Պուտին հանդիպումը կազմակերպելու հարցը: Մայիսի 2-ին երկու նախագահների հեռախոսազրույցից հասկանալի է, որ նրանք հանդիպելու են հուլիսի 7-8-ը Համբուրգում կայալիք 20 զարգացած երկրների ղեկավարների՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում: Թիլերսոն - Լավրով հանդիպումը կարևոր քայլ կլինի՝ նախապատրաստելու գագաթնաժողովը, համոզված է ռուսաստանցի փորձագետը:

Ըստ Սուսլովի՝ ակնկալվում է, որ երկու արտգործնախարարների բանակցությունների գլխավոր թեման կլինի Սիրիան: ԱՄՆ-ը ողջունել է Սիրիայում անվտանգության չորս գոտիներ ստեղծելու Աստանայում ընդունված որոշումը, որի վերաբերյալ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հուշագիր ստորագրեցին: Հատկանշական է, որ այդ փաստաթուղթը ուժի մեջ մտնելուն պես ամբողջությամբ վերականգնվեց Սիրիայի օդային տարածքում բախումները կանխելու ռուս - ամերիկյան հուշագիրը: Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծումից հետո Մոսկվան հայտնել էր, թե դուրս է գալիս այդ հուշագրից:

Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը շարունակում է մնալ ամենաբարդ հարցը՝ կապված երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի հետ: Քիմիական հարձակումից հետո ԱՄՆ-ը նրա նկատմամբ շատ կոշտ և խիստ դիրքորոշում ունի, նշել է ռուսաստանցի փորձագետը:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, Սուսլովի կարծիքով՝ ուկրաինական թեմայով դժվար թե լուրջ առաջընթացի ակնկալիքներ լինեն, ու կողմերը հնարավոր է համաձայնեն, որ չարյաց փոքրագույնը ստատուս քվոն պահպանելն է:

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ անշուշտ քննարկման առարկա կլինի նաև Հյուսիսային Կորեան, որի միջուկային ծրագրերը զսպելու հարցում ԱՄՆ-ը և Ռուսաստանը տարբեր դիրքորոշումներ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG