«Արցախի ազատագրումից հետո, ըստ էության, առաջին անգամ հայ մասնագետները հնարավորություն ստացան ի մոտո շոշափել, տեսնել, փորձել իրենց գիտելիքները, և պիտի ասել, որ արդյունքները ուղղակի հիանալի են», - «Ազաոտւթյան» հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախում Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Համլետ Պետրոսյանը և նախկինում Արցախի համալսարանի ռեկտոր, այժմ ՀՀ ԳԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի Էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը տարիներ ի վեր զբաղվում են Արցախում հնագիտական և հնէաբանական հետազոտություններով: Այս գիտական ուսումնասիրությունների արդյունքում Արցախում հնագիտական բազմաթիվ նորանոր հայտնագործություններ են կատարվել: Արցախում Homo Sapience-ի գոյության առնվազն 50 հազար տարվա շերտեր են հայտնաբերվել:
Այս ամենը, իհարկե, հնարավոր է դարձել միմիայն Արցախի անկախության ձեռք բերման շնորհիվ, բայց երկու գիտնականներն էլ ցավով փաստում են, որ տարբեր երկրների գիտնականների և պատկան միջազգային կազմակերպությունների հետ համատեղ Արցախի պատմամշակությաին հետազոտությունների, դրանց արդյունների հանրահռչակմանը հաճախ ոչ միայն Արդբեջանն է խոչընդոտում, այլև մեր իշխանությունները, պատկան մարմինները հաճախ խուսափում են նման հարցերը միջազգային կազմակերպություններում բարձրացնելուց:
«Քաղաքականապես ճանաչված չլինելը ազդում է մշակույթի հետազոտությանը, ինքնության կազմակերպմանը: Կարծում եմ, թե հայաստանյան իշխանությունները և հատկապես մտավորականությունը պիտի մի բան հասկանա, որ աշխարհը անարդար է, և ստեղծված միջազգային կառույցները, որոնց նպատակն է մշակույթը առաջնային համարելը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում մշակույթի իրավունքի հավաստումը, դրան կոչված միջազգային կազմակերպությունները և հատկապես ՅՈւՆԵՍԿՕ-ն որևէ կերպ իրենց գործունեության մեջ առաջնային չեն դարձնում մարդու մշակութային իրավունքը: Արցախը ճանաչված չէ, բայց Արցախի ժողովուրդը մշակույթի իրավունք ունի: Եվ այդ մշակույթի իրավունքի սահմաններում են նաև պատմությունը, հնագիտությունը, մշակութային ժառանգությունը սեփական առաջընթացի գործիք դարձնելը՝ այդ մշակութային ժառանգության հետազոտումով: Մինչդեռ անընդհատ միջազգային կառույցները հակառակն են անում․ եթե Արցախը ճանաչված չէ, ապա մշակութային ժառանգության հետազոտումն ու կազմակերպումը նույնպես արգելված է», - ասաց Համլետ Պետրոսյանը:
Նա շարունակեց․ - «Փոլաթ Բյուբյուլ-օղլին, ով 2005-6 թվականներին եղել է Ադրբեջանի մշակույթի նախարարը և կազմակերպել է Ջուղայի սպանդը, այսօր առաջադրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի նախագահի թեկնածու, և անկախ նրանից կընտվի, թե չէ, կառույցը իր պրոցեդուրաներով նման հնարավորություն էր ստեղծել»:
Պետրոսյանը համոզված է, որ այս առումով շատ մեծ անելիք ունեն հայաստանյան իշխանությունները․ - «Հայաստանյան իշխանությունները, համապատասխան ինստիտուտները պիտի ինչ-որ չափով գոնե լծվեն այդ քաղաքականությանը: Պետություն չենք ստեղծել նրա համար, որ ամեն մեկս մտածենք մեր տոհմի, մեր ընտանիքի, մեր ազգականության մասին, այլ պետություն ենք ստեղծել նրա համար, որ պետական խնդիրներին մենք կարողանանք պատասխանել: Ցավոք, այսօր այդպես չէ: Ես ուզում եմ հատուկ հայտարարել, որ Գիտության պետական կոմիտեն նույնիսկ մերժել է ֆինանսավորել Տիգրանակերտի հետազոտությունները»:
Հնէաբան Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով, վերջին երկու տարիներին Ադրբեջանը պետական բարձր մակարդակով մեծ ճիգ ու ջանք է թափել՝ խոչընդոտելու Արցախում կատարած իրենց հետազոտությունների արդյունքը արտասահմանում հրատարակելը: «Ազոխի քարանձավը և կովկասյան միջանցքը» խորագրով իրենց ժողովածուի հրատարակությունը Ադրբեջանին հաջողվել է կասեցնել մեկ տարով, բայց ի վերջո մեր մասնագետներին հաջողվել է հրատարակել այդ գիրքը:
Եպիսկոպոսյանը մանրամասնեց․ - «Ադրբեջանը կարողացավ այդ գիրքը մեկ տարով հետաձգել, քանի որ նրանց ամբողջ պետական մեքենան թիրախ էր վերցրել այս գիրքը: Նրանց ամբողջ արտգործնախարարությունը, նրանց բոլոր դեսպանները տարբեր երկրներում, առաջին հերթին այնտեղ, որտեղ այդ գիրքը հավաքվում էր, խմբագրվում էր, դա Շվեյցարիան էր, Նիդեռլանդները և Ամերիկան, նրանք կարողացան, ճիշտ է, ժամանակավոր, կարողացան իրենց ուժը գործադրելով, իրենց բոլոր ֆինանսական կարողությունները գուցե․․․ այդ բոլոր նամակների պատճենները ես ունեմ: Ես կուզենայի, կերազեի, որ մեր արտգործնախարարությունը նման քայլերի կարողանար դիմել»:
«Մենք ունենք լուրջ խնդիրները, բայց այդ խնդիրներով մեր պետությունը քաղաքականություն չի վարում, միջազգային կազմակերպություններն էլ հատուկ ուղղորդված քաղաքականություն են վարում», - եզրափակեց Համլետ Պետրոսյանը: