Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում այսօր վաղ առավոտից վերսկսվել են դեռևս երեկվանից մեկնարկած մայիսյան Եռատոնի՝ Պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման 25 ամյակի և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնակատարությունները։

Պաշտոնական այցով արդեն մի քանի օր Ստեփանակերտում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Լեռնային Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ ներկա եղավ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ռազմատեխնիկայի ու սպառազինության ցուցահանդեսին, նոր սպառազինության թվում նաև անօդաչու թռչող սարքերն էին:

Նախագահները բարձրաստիճան պաշտոնյաների, հյուրերի ուղեկցությամբ այցելեցին նաև Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ու արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին:

Արարողությունից հետո, նախագահները՝ քաղաքական, ռազմական ու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ուղևորվեցին Լեռնային Ղարաբաղի հինավուրց մայրաքաղաք Շուշի, ծաղիկներ դրեցին Տանկ-հուշարձանին, այնուհետև Վազգեն Սարգսյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին։

Նշենք, որ Ղարաբաղում է նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյան։ «Ինչպես Հայրենական մեծ պատերազմում մեր պապերի իրավահաջորդը դարձանք մենք, այնպես էլ ներկա սերունդը, կարծում եմ, որ արժանի իրավահաջորդն է մեր հաղթանակ կերտած մարտիկներին», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հակոբյանը։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այս տոնը մի փոքր չի կիսվում, երբ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր կալանավորված է, տոնական միջոցառումներին ներկա չէ նաև Հայաստանի պաշտպանություն նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Հակոբյանը պատասխանեց. - «Կարծում եմ Ձեր տված հարցը ո՛չ տեղին է, ո՛չ էլ ես դրան կպատասխանեմ երբևիցե, որովհետև Ձեր հարցը որոշակի ենթատեքստ ունի, գտնում եմ, որ այս տոնը մթագնելու ցանկություն է, դրա համար ես չեմ պատասխանելու»։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ձերբակալվեց մարտի 22-ին, երկու օր անց դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։

Բաբայանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք, ռազմական տեխնիկա ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, մաքսանենգության համար, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ:

Ճշտող հարցին, թե այդ մարդիկ արժանի չէի՞ն, որ այսօր այստեղ լինեին, Հակոբյանն այսպես արձագանքեց. - «Խնդրում եմ՝ ինձ այլևս հարց չտաք»։

Նշենք, որ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով պարբերաբար շարային քայլերթ են իրականացնում զինվորական ստորաբաժանումները, ամենուրեք երգ ու պար է, ամեն քայլափոխի փակցված են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշներն ու շնորհավորական պաստառներ:

Ինչպես տեղի իշխանություններն են ասում, տոնը ոչ միայն հոբելյանական է, այլև բացառիկ՝ իր մարդաշատությամբ՝ զբաղված են բոլոր հյուրանոցային համարները, զբոսաշրջիկներից շատերը չեն կարողանում անգամ օրավարձով բնակարաններ գտնել։

Մջոցառումները կեզրափակվեն այսօր երեկոյան՝ Ստեփանակերտի հրապարակում կազմակերպված տոնական համերգով ու հրավառությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG