Մատչելիության հղումներ

Ներկա սերունդն արժանի իրավահաջորդն է մեր հաղթանակ կերտած մարտիկների. Մովսես Հակոբյան


Երիտասարդի դոշը, որ զարդարված է շքանշաններով, ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօրվա սերունդն արժանի իրավահաջորդ է ավագ սերնդին, այսօր Ստեփանակերտում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։

«Ինչպես Հայրենական մեծ պատերազմում մեր պապերի իրավահաջորդը դարձանք մենք, այնպես էլ ներկա սերունդը, կարծում եմ, որ արժանի իրավահաջորդն է մեր հաղթանակ կերտած մարտիկներին», - ասաց Հակոբյանը։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այս տոնը մի փոքր չի կիսվում, երբ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր կալանավորված է, տոնական միջոցառումներին ներկա չէ նաև Հայաստանի պաշտպանություն նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Հակոբյանը պատասխանեց. - «Կարծում եմ Ձեր տված հարցը ո՛չ տեղին է, ո՛չ էլ ես դրան կպատասխանեմ երբևիցե, որովհետև Ձեր հարցը որոշակի ենթատեքստ ունի, գտնում եմ, որ այս տոնը մթագնելու ցանկություն է, դրա համար ես չեմ պատասխանելու»։

Ճշտող հարցին, թե այդ մարդիկ արժանի չէի՞ն, որ այսօր այստեղ լինեին, Հակոբյանն այսպես արձագանքեց. - «Խնդրում եմ՝ ինձ այլևս հարց չտաք»։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը ձերբակալվեց մարտի 22-ին, երկու օր անց դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։

Բաբայանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք, ռազմական տեխնիկա ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, մաքսանենգության համար, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG