Մատչելիության հղումներ

Էմանյուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահ ընտրվեց


Եվրոպամետ, կենտրոնամետ Էմանյուել Մակրոնը այսօր ընտրվեց Ֆրանսիայի նախագահ։ Ընտրությունների երկրորդ փուլում քվեների 65 տոկոսից ավելին ստացած Մակրոնը հեշտությամբ հաղթեց ազգայնական Մարին Լե Պենին։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Մակրոնի հաղթանակը Brexit-ից հետո Frexit-ի սպասող Եվրոպային և նրա դաշնակիցներին թույլ կտա հանգիստ շունչ քաշել։

«Սա նոր էջ է մեր բազմադարյա պատմության մեջ։ Ուզում եմ, որ այն հույսը և վստահությունը վերագտնելու էջ լինի», - ընտրություններից հետո հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի նորընտիր նախագահի հաղթանակը արդեն ուրախությամբ է արձանագրել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրելով. - «Ուրախ եմ, որ ֆրանսիացիները ընտրեցին եվրոպական ապագան»։

Մակրոնին սատարող Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ Թվիթերում գրել է, թե արդեն զանգահարել է նորընտիր նախագահին ու շնորհավորել նրան.- «Ես նրան լավագույն բարեմաղթանքներս հղեցի՝ ի բարօրություն մեր երկրի»։

Հաղթանակի առթիվ Մակրոնին շնորհավորել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ Թվիթերում գրելով, թե ուրախությամբ սպասում է նրա հետ աշխատելուն։

Աջակիցների առջև ունեցած ելույթում պարտված թեկնածու Մարին Լե Պենը ևս հայտարարել է, որ արդեն զանգահարել ու շնորհավորել է իր մրցակցին։ «Քանի որ ինձ համար ամենագլխավորը երկրի շահն է, ես նրան հաջողություն մաղթեցի՝ հաշվի առնելով Ֆրանսիայի առջև ծառացած հսկայական մարտահրավերները»,- ասել է Լե Պենը։

Ազգայնական թեկնածուն ասել է, որ իր առաջնորդած «Ազգային ճակատը» այժմ երկրի «ամենամեծ ընդդիմադիր ուժն է», սակայն մեծ բարեփոխումների կարիք ունի՝ «նոր քաղաքական ուժ դառնալու համար»։

Երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները, հիշեցնենք, տրամագծորեն հակառակ տեսլական ունեին երկրի ապագայի վերաբերյալ։ Ընտրություններից առաջ տեղի ունեցած բանավեճում 39-ամյա Մակրոնն ու ծայրահեղ աջ հայացքներ դավանող 48-ամյա Լե Պենը միմյանց մեղադրել էին ստի, ցինիզմի և Ֆրանսիայի առջև ծառացած իրական խնդիրներն անտեսելու մեջ:

Ֆրանսիայի նորընտիր նախագահը նախկինում զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, եղել է բանկիր։ Մինչ այս նա երբեք ընտրովի պաշտոն չի զբաղեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG