Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցների գնահատմամբ, Մակրոնի և Լե Պենի բանավեճն ամենակոշտն էր վերջին տարիների ընտրարշավների համեմատ


Էմանյուել Մակրոնի և Մարին Լե Պենի երեկ երեկոյան TF-1 և France 2 հեռուստաալիքներով հեռարձակված բանավեճ դիտել է շուրջ 20 միլիոն մարդ, կամ Ֆրանսիայի բնակչության գրեթե 30 տոկոսը, պնդում են ֆրանսիացի սոցիոլոգները:

Լրատվամիջոցների պնդմամբ, Մակրոնի և Լե Պենի ավելի քան երկու ժամ շարունակված բանավեճը թերևս ամենակոշտն էր վերջին տարիների մյուս ընտրարշավների համեմատ:

Կենտրոնամետ Մակրոնն ու ծայրահեղ աջ հայացքներ դավանող Լե Պենը միմյանց մեղադրում էին ստի, ցինիզմի և Ֆրանսիայի առջև ծառացած իրական խնդիրներն անտեսելու մեջ:

«Անվտանգությունն ու ահաբեկչության դեմ պայքարը կենսական նշանակություն ունեցող խնդիրներ են: Դրանք, սակայն, Ձեր նախընտրական ծրագրում ընդհանրապես հիշատակված չեն: Դա նշանակում է, որ Դուք չեք ցանկանում ապահովել մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, Դուք չեք ցանկանում պայքարել իսլամական ծայրահեղականության դեմ: Ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար մենք նախևառաջ պետք է վերահսկողություն սահմանենք Ֆրանսիայի պետական սահմանների հանդեպ: Դա առաջին քայլերից մեկն է լինելու, որին ես կդիմեմ իշխանությունը ստանձնելուց հետո», - դիմելով Էմանյուել Մակրոնին` հայտարարում էր ողջ բանավեճ ընթացքում նախահարձակ դիրքերից հանդես եկող Մարին Լե Պենը:

Էմանյուել Մակրոնը, սակայն, չէր նահանջում` պնդելով, որ իր մրցակիցը միտումնավոր կերպով մանիպուլացնում է հանրային կարծիքը և շահարկում է ահաբեկչության վտանգը:

«Պառակտում և քաղաքացիական պատերազմ, ահա թե ինչ եք Դուք առաջարկում այս երկրին: Ահաբեկչության դեմ պայքարը չի նշանակում, որ մենք պետք է հայտնվենք քաղաքացիական պատերազմի թակարդում, թակարդ, որ [ահաբեկիչները] հատուկ են լարել մեզ համար: Մենք կհայտնվենք այդ թակարդում, եթե Ձեր օրինակով պառակտենք Ֆրանսիայի ժողովրդին, եթե վիրավորենք ֆրանսիացիներին՝ նրանց կրոնական պատկանելության պատճառով: Ես երբեք թույլ չեմ, որ մեր երկրում նման բան կատարվի», - հայտարարում էր Մակրոնը:

«Ո՞վ էր ի սկզբանե շահարկում երկրում առկա վախի զգացողությունը, դա Դուք էիք, ո՞վ էր շահարկում ահաբեկչության պատճառով ծագած վախի մթնոլորտը, դա կրկին Դուք էիք: Իմ առջև նստած է վախի գերագույն քրմուհին», - դիմելով Մարին Լե Պենին՝ հայտարարում էր Էմանյուել Մակրոնը:

Կենտրոնամետ թեկնածուի խոսքով՝ Ֆրանսիայի ապագան այն համատեղ ճանապարհն է, որ պետք է անցնի երկիրն իր եվրոպացի հարևանների հետ միասին: «Իմ տեսլականը եվրոյի դիրքերի, եվրոպական քաղաքականության ամրապնդումն է: Խոսքն այնպիսի եվրոպական քաղաքականության մասին է, որի միջոցով մենք հետևողականորեն կպաշտպանենք Ֆրանսիայի շահերը», - նշում էր Մակրոնը:

Լե Պենի համոզմամբ, սակայն, այն ապագան, որ նախանշում է Մակրոնը, Ֆրանսիայի համար շատ հեռու է իրականությունից: «Ֆրանսիայի՝ Ձեր առաջարկած մոդելն իրական չէ: Ֆրանսիան այսօր շուկա է, որտեղ բոլորը պայքարում են բոլորի դեմ: Այսօր ֆրանսիացիները ստիպված են պայքարել, որպեսզի օտարերկրացիները չզբաղեցնեն իրենց աշխատատեղերը: Նույն ոլորտում աշխատող ընկերությունները պայքարում են միմյանց դեմ` սպառման շուկաներ չկորցնելու համար: Այդ նպատակին հասնելու համար այդ ընկերություններն ավելի ցածր աշխատավարձեր և ավելի երկար աշխատանքային շաբաթ են ներդնում: Այս ամենը հակասում է Ֆրանսիայի իմ տեսլականին», - պնդում էր «Ազգային ճակատի» առաջնորդը:

Երեկ կայացած դեբատների ընթացքում Մարին Լե Պենը համոզված պնդում էր, որ Մակրոնի հաղթանակի դեպքում Ֆրանսիան անդառնալիորեն վերածվելու է Գերմանիայի կրտսեր գործընկերոջ: «Առաջիկա ընտրությունների ցանկացած ելքի դեպքում, միևնույն է, Ֆրանսիայի հաջորդ ղեկավարը կին է լինելու: Դա կլինեմ կա՛մ ես, կա՛մ էլ՝ տիկին Մերկելը», - հեգնում էր Լե Պենը:

Ֆրանսիացի մեկնաբանների պնդմամբ, երեկ հեռարձակված դեբատների ողջ ընթացքում Մարին Լե Պենն անում էր ամեն ինչ Էմանյուել Մակրոնին հունից հանելու համար:

«Մակրոնի բոլոր մեկնաբանությունները Լե Պենն ուղեկցում էր ժպիտով, ծիծաղով կամ քմծիծաղով: Մի քանի անգամ նա Մակրոնին կոչ արեց շատ չհուզվել, մի անգամ էլ նույնիսկ խորհուրդ տվեց ջուր խմել», - գրում է Politico հանդեսը:

Փարիզում գործող ELABE սոցիոլոգիական ծառայության հարցման համաձայն, սակայն, բանավեճի ընթացքին հետևած ֆրանսիացիների 63 տոկոսին Մակրոնի արտահայտած տեսակետներն ավելի համոզիչ են թվացել:

XS
SM
MD
LG