Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանին» «ՀՀԿ-ի բռնապետությունից» ազատագրումը սկսում է Երևանից


«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյան

Քաղաքապետարանը Հանրապետականից մաքրելու ծրագրով «Երկիր Ծիրանի»-ն այսօր քարոզարշավի էր դուրս եկել Նոր Նորք վարչական շրջանում՝ խոստանալով «իշխանությունը վերադարձնել ժողովրդին»:

«Այլևս հնարավոր չէ ՀՀԿ-ի բռնապետության ներքո ապրել: Պիտի փորձենք իշխանությունը ստեղծել․ ազատագրումը սկսում ենք Երևան քաղաքից», - հայտարարում էր Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանի կուսակցությունից առաջադրված ավագանու անդամի թեկնածու Հայկ Պետրոսյանն ասում է՝ քաղաքային խնդիրները կարող են լուծվել միայն քաղաքական կամքի դեպքում․ - «Առանց քաղաքական փոփոխությունների, իրական տնտեսական փոփոխություններ երկրի կյանքում տեղի չեն կարող ունենալ: Այդ բոլոր խնդիրները առաջացել են մեր արատավոր քաղաքական մշակույթից: Նախ և առաջ մենք պետք է մշակույթը փոփոխենք, և դրանից հետո, երբ վերանա կոռուպցիան․․․ Երբ մենք դա վերացնենք, ինքնըստինքյան կվերադառնա վստահությունը ժողովրդի դեպի կառավարությունը, և մենք դրական փոփոխություններ կտեսնենք բոլոր ոլորտներում»:

Այս քարոզարշավի գլխավոր թեման դարձած տրանսպորտի խնդիրը «Երկիր Ծիրանի» կուսակցությունը վստահեցնում է, թե կլուծի կարճ ժամանակահատվածում, ընդամենը պետք է վերջ տալ գծատերերի գերշահույթին․ - «Կարգ ա պետք սահմանել, որ փոքր տրանսպորտը, որ տեխնիկապես էլ չի կարա անցնի ոչ մի ստուգում, չպետք ա տեղ ունենա Երևանում: Մենք պետք ա ունենանք ավտոբուսներ: Մեզ ընդամենը անհրաժեշտ ա քաղաքական կամք և որոշում, որ դա տեղի ունենա: Մենք տեսնում ենք, որ Հանրապետական կուսակցությունը արդեն տասը տարի ա էդ հարցը չի լուծում»:

Զարուհի Փոստանջյանի թիմակիցներին երևանցիները ջերմ են ընդունում, ընդդիմադիր պատգամավորին լավ են ճանաչում:

«Ինքը շատ լավ բաներ ա անում ժողովրդի համար: Ցանկալի ա, որ ընդունվի: Հնարավոր է, որ իրան ձայն տամ», - ասաց մի կին:

«Պատգամավորական գործունեությունից գիտեմ, խորհրդարանում նրա խոսելուց գիտեմ, ժողովրդի մասին մտածելուց գիտեմ», - հավելեց մի տղամարդ՝ հավաստիացնելով անպայման քվեարկելու է Փոստանջյանի օգտին:

Իսկ ահա միջին տարիքի մի կին անտարբեր էր․ - «Արդեն գիտենք, էլի․ Տարոնը ընտրված ա, ի՞նչ ենք խառնվել սաղ իրար»:

Իսկ նրա կողքին կանգնած տղամարդը ասաց․ - «Հարգում եմ շատ իրա կրթությունը, իրա դուխը․․․ բայց ի՞նչ օգուտ, կեղծիքը ավելի շատ ա լինելու»:

Քարոզարշավի վերջին օրը՝ մայիսի 12-ին Զարուհի Փոստանջյանը հանրահավաք է անցկացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG