Մատչելիության հղումներ

Փամբակի բուժկետն ու փոստը ժանգոտ տնակներում են, մարդիկ սպասում են խոստումների կատարմանը


Փամբակի բուժկետն ու փոստն այս տնակներում են տեղակայված, մայիս, 2017 թ․
Փամբակի բուժկետն ու փոստն այս տնակներում են տեղակայված, մայիս, 2017 թ․

Լոռու մարզի Փամբակ գյուղի մերձակայքում, Վանաձոր-Ալավերդի մայրուղուն կից, 3 ժանգոտ տնակ կա։ Դրանցում Փամբակ գյուղի բուժկետը, փոստն ու գյուղապետարանն են տեղակայված։ Գյուղապետ Սամսոն Ուլիխանյանն ասում է. «Երկրաշարժից հետո ասին՝ արագ-արագ քանդեք, որ կառուցենք... քանդեցինք ու մնացինք սենց»։

2 տարի առաջ գյուղապետը կողպել է ժանգոտած տնակի դուռն ու աշխատակազմին տեղավորել գյուղի սեփական տներից մեկում։ Այժմ համեմատաբար նորմալ պայմաններ ունեն։ Մինչդեռ՝ բուժկետն ու փոստը դեռ 30-ամյա երկաթե տնակներում են գոյատևում:

Շուշանիկն ունեցած սուղ հնարավորություններով գյուղացիների առողջական կարիքներն է հոգում, Ալլան՝ փոստային ծառայություններ է մատուցում։ Փոստի համար որպես պատեր ծառայող թիթեղներն անձրևաջրերից ամբողջովին գունափոխվել են։ Փայտյա մասերն էլ ուռել են ու արդեն նպատակին չեն ծառայում։

«Սկզբից էլի բարորակ վիճակում էր մի քիչ էս տնակը։ Բայց հետո, դե տարիների ընթացքում, քայքայվեց։ Իրա ժամկետն արդեն անցել ա։ Ձնհալը, որ սկսում ա, էն ա՝ լրիվ պատուհաններից, պատերի վրայով սկսում են ջրերը հոսել։ Լրիվ բաց ա, օդը պարզ երևում ա»,- ասում է Ալլան։

Նա ձմռանն ամեն օր իր հետ տոպրակով վառելափայտ է բերել, որ սառնամանիքի հանդեպ լրիվ անպաշտպան պատերը գոնե մի քիչ տաքացնի։ Բայց միևնույն է՝ գյուղի 400 բնակիչներին ծառայող ժանգոտ տնակը, անգամ կապույտ ու մեծ ցուցանակով, փոստատան չի նմանվում․ ««Հայփոստից» մարդիկ են եկել, ստուգումներ արել, նկարահանել գնացել, բայց դե՝ էլի մնում ա նույն վիճակը»։

Գյուղացիներն այստեղից են նամակներ, նպաստ ու կենսաթոշակ ստանում, թերթեր ու այլ պարագաներ գնում, «լոտո են ջնջում»: Բայց մինչ այսօր ո՛չ գյուղացիների բախտն է բերել, ոչ էլ ժանգոտ տնակներում աշխատող կանանց։

Սրտատրոփ սպասում էին ընտրություններից առաջ լսած խոստումների կատարմանը, թե Հանրապետականի ընտրվելու դեպքում համայնքային շենք են կառուցելու գյուղապետարանի, բուժկետի, փոստի ու ակումբի համար։ Բայց, ընտրություններից հետո համայնքի 30 տարվա Հանրապետական ղեկավարից ու քարոզարշավի եկած թեկնածու Վահրամ Բաղդասարյանից դեռ բարի լուր չունեն։

«Եկել էր ստեղ, ասինք՝ հնարավոր ա՞ մի հատ համայնքային շենք կառուցեք մեզ համար, ասավ՝ հա, հնարավոր ա։ Նույն րոպեին հեռախոսը վեր կալավ, զանգեց, չգիտեմ ում հետ խոսաց։ Ու ասավ հող տրամադրեք, բայց գյուղապետը չկարողացավ անհրաժեշտ տարածքը տրամադրի»։

Գյուղապետը հաստատեց։ Պատգամավորի թեկնածուի հեռախոսազանգի, խոստումների և անհրաժեշտ տարածքի հարցին տեղյակ է։ «Չի ասել՝ կառուցում եմ։ Եթե էդ զանգի մասին ա խոսքը, ես ներկա եմ եղել։ Եկել են տեսել, հնարավորությունները նայել, հարմար հողատարածք չենք ունեցել: Եկան Երևանից նայեցին, մի քանի տեղ ցույց տվեցի, հարմար չէր, տենց էլ թողեցին գնացին։ Տեսնենք...»,- ասաց գյուղապետը

Նրա վստահեցնում է՝ համապատասխան տարածք չունեն։ Մինչդեռ, ընտրողները դեռ սպասում են, թե խոստումները կիրագործվեն: Հենց այդ խոստումների համար են ձայն տվել իշխող կուսակցությանը, «ամեն անգամ խոստումներ են տալիս...»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG