Մատչելիության հղումներ

Մոսկվայի և Անկարայի միջև «հարաբերությունները վերականգվել են»


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ ասուլիսը Սոչիում: 3-ը մայիսի, 2017 թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում այսօր ասաց, թե Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները վերականգնվել են ճգնաժամից հետո։

Սոչիում այսօր կայացած Պուտին - Էրդողան հանդիպումը երկրորդն էր այս տարի․ այն նախօրոք ծրագրված չէր և կայացել է ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ։

Ռուս-թուքրական շփումներն ինտենսիվ են վերջին շրջանում: Ասուլիսին և՛ Էրդողանը, և՛ Պուտինը ընդգծեցին, որ այս տարի միայն հինգ հեռախոսազրույց են ունեցել։

Պուտինը Էդողանին հրավիրել էր Սիրիայի ճգնաժամի մասին խոսելու համար: Այս հանդիպումը հետաքրքիր է նաև նրանով, որ երկու շաբաթից Էրդողանը պետք է հանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու նույն հարցը:

Հանդիպումը սկսելիս Էրդողանն այսօր հայտարարել է․ - «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ունենք շատ լուրջ բեռ մեր ուսերին է, շատ մեծ պատասխանատվություն: Վստահ եմ, որ այն քայլերը, որ մենք պետք է ձեռնարկենք, կփոխեն ողջ տարածաշրջանի ճակատագիրը»:

Սոչիում Էրդողանն ու Պուտինը այսօր քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում հատուկ գոտի ստեղծելու հարցը: Պարզ չէ, սակայն, թե ինչպես են Մոսկվան ու Անկարան վերահսկելու, որ այդ գոտում չլինեն ռազմական գործողություններ։

Հավանաբար Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են նաև Ասադի ճակատագիրը, սակայն՝ փակ դռների հետևում։

Ասուլիսին Էրդողանն այսօր խոսեց քիմիական հարձակման մասին՝ ասելով, որ դրա մեղավորները պետք է պատժվեն, սակայն չի հնչեցրել Ասադի անունը։

Առնվազն հրապարակավ՝ Էրդողանն ու Պուտինը հայտարարել են, որ Սիրիայի ճգնաժամը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով:

Այսօր ավելի վաղ Անկարայի օդանավակայանում Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան նույն նպատակներն ունեն Սիրիայում և ուզում են պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

Պուտինը այսօր նաև հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման գործըթնացը ճգնաժամից հետո ավարտվել է, հարաբերությունները վերականգվել են։

Թուրք լրագրողները, սակայն, փորձում էին հստակացնել և հարցնում էին Պուտինց, թե երբ են վերանալու սահմանափակումները թուրքական ապրանքներիներկրողների համար, և երբ է վերանալու վիզային ռեժիմը: Ռուսաստանի նախագահը այս հարցին հստակ պատասխան չի տվել՝ ասելով, որ այդ գործընթացը որոշ ժամանակ և աշխատանք է պահանջում։

Ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում է նաև С400 զենիթահրթիռային համակարգի հարցը, որ Անկարան ուզում է գնել Մոսկվայից և որի շուրջ բանակցություններն ընթանում են անցած տարվանից։ Սակայն ո՛չ պաշտոնական Անկարան, ո՛չ էլ պաշտոնական Մոկսվան հստակ տեղեկություն այս մասին չեն տալիս․ միայն հայտարարում են, որ բանակցությունները հաջող են ընթանում և մոտեցել եզրափակիչ փուլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG