Տավուշի մարզի Հաղարծին գյուղում «նախընտրական ՈւԱԶ»-ի պատմությունը, այսպես ասած՝ բերնից բերան անցնելով, հասել է գյուղի յուրաքանչյուր բնակչի։ Ազգային ժողովի պատգամավորի հանրապետական թեկնածու Հակոբ Հակոբյանը, որն արդեն 2 անգամ Տավուշի մարզից պատգամավոր է ընտրվել, ապրիլի 2-ի ընտրությունների նախօրեին բեռնատար մեքենա էր նվիրել գյուղին: Վերջինս, սակայն, կուսակցից կրկնակի պակաս ձայն էր ստացել։ Ընտրությունների հաջորդ իսկ օրը Հակոբյանի նվիրած ՈւԱԶ-ը գյուղից անհետացել է։
«ՈւԱԶ-ը տվուց ընտրություններից առաջ, չընտրվեց, եկավ տարավ», «Բերեցին, մենք էլ հլա շնորհավորեցինք, ասինք՝ մալադեց, որ օգնեց, ընտրությունը որ անցավ-չանցավ, էդ մարդը եկավ հետ տարավ», «Էդ մեքենան սկի մի օր էլ չաշխատեց, մեկ էլ՝ տարան էլի»,- ասում են գյուղացիները։
10 տարի պատգամավոր եղած հանրապետական Հակոբ Հակոբյանի խոստացած, սակայն, ընդամենը մի քանի օր գյուղին ծառայած բեռնատարը բանվոր Շալիկոյի և զոդող Արայիկի գործն էր հեշտացնելու․ նախատեսված էր խողովակներն ու տեխնիկան արագ վթարի վայր հասցնելու համար։ «Ի՞նչ եղավ ՈՒԱԶ-ը», այս հարցին պատասխանում են․ «էէէ, էդ ասելու չի, ասիլ չենք էդ մեկը, ՈՒԱԶ-ը չկա․․․»:
Հաղարծինի վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանը հետ վերցված նվերի մասին դժկամությամբ է խոսում: «Դարձյալ Ուազը՞, եկեք էդ թեման համարենք փակված»,- ասում է նա ու մի վերջին անգամ բացահայտում եղածի մանրամասները․ «Բնակիչներն են դիմել պատգամավորության թեկնածուին, ճիշտն ասած, հանդիպման ժամանակ։ Մարդը խոստացել է, որ կտա։ Ես ներկա էի։ Հետո պատգամավորը խոստացավ, որ դա կլինի նախընտրական խոստում, որը որ չի կարելի: Բայց մարդիկ պնդեցին, մեքենան բերվեց, իհարկե, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման: Հետո ընտրությունը վերջացավ, պարոն Հակոբյանը չընտրվեց, հետ տարան»։
ՈւԱԶ-ից առաջ Հաղարծինում կցորդով տրակտորն էին որպես բեռնատար օգտագործում: Սակայն, մեկ տարի առաջ պաշտոնանկ արված գյուղապետը պաշտոնից հեռանալուց հետո արգելել է օգտագործել տրակտորը։ Համայնքում 8 տարի ավագանու անդամ եղած Մարտուն Աղաջանյանն ասում է՝ տարիներ շարունակ համայնքի բյուջեի տակ ստորագրել են, բայց միայն վերջերս են պարզել, որ ավելի քան 10 տարի առաջ կառավարությունից գյուղին հատկացված տրակտորը գյուղապետն իր սեփականն է դարձրել ու պաշտոնավարության տարիներին օգտագործել անձնական կարիքների համար։
«Պասպորտով ինքը գնացել ա ստացել, բերել, բալանսում չի նստացրել: Ու իբր իրա սեփական տրակտորն ա, արենդավատ ա արել, աշխատավարձ ստացել, իրա ընտանիքի համար: Հիմա էլ գարաժում կանգնած՝ ոչ տալիս ա ջրի աշխատողներն աշխատացնեն... արենդը տվեք՝ տամ։ Իրանց ոնց ձեռ ա տալիս: Ընտանեկան բիզնես ա էլի»,- ասում է ավագանու նախկին անդամը:
Տեղական բյուջեից ամսական 80 հազար դրամ ստացած գյուղապետի ու գյուղի համար չծառայող տրակտորի հարցերով զբաղվողներ, գոնե առայժմ, չկան, թեև գյուղում բեռնատարի պահանջը չի նվազել։ Համարում են, որ «հին ունեցածները» հետ բերել չեն կարող։ Մարզում 17 հազար ձայնով պատգամավոր ընտրված՝ հանրապետական Գրիգոր Ավալյանը չկայացած նվիրատվության և բեռնատարի խիստ կարիքի մասին լսել է, նա նույնպես հաղարծինցիներին խոստացել է, որ գյուղին մի բեռնատար կտրամադրի: Բայց, հաղարծիցիներն արդեն չգիտեն՝ հավատա՞ն նախընտրական ու հետընտրական խոստումներին, թե՞ ոչ։
«Դուք չգիտե՞ք ինչ են անում։ Գալիս են խոստումներ տալիս, փափուկ բարձ դնում ժողովրդի գլխի տակ, թողում, հեռանում գնում։ Էնքան ա, որ լցվեն խորհրդարան, ձեռք բերեն անձեռնմխելիություն։ Թե չէ ո՞վ ա ինչ արել», «Ժողովուրդը չի սովորե՞լ խոստումներին չհավատալ», «Որ դու էլ խոսք տաս՝ քեզ էլ կընտրեն էլի․ մեր ժողովուրդը տենց սովորել են։ Վերջին մի օրը խոստում տուր՝ կընտրեն քեզ։ Էն մնացած օրը սոված կնստեն», «Մեր ժողովուրդը նենց սոցիալական վիճակի մեջ են․․․»,- ասում են գյուղացիները:
Հաղարծինում ընտրություններից առաջ ոչ միայն «չարաբաստիկ» բեռնատարի հետ կապված, նաև այլ խոստումներ էլ են հնչել։ Վարչական ղեկավարն ասում է՝ չընտրված թեկնածուները մոռացել են դրանց մասին, ընտրված պատգամավորը որոշ բաներ արդեն ձեռնարկել է։
«Մարդիկ դիմել են իրենց անձնական հարցերով։ Հիվանդության կամ ուսանողական թոշակի, և այլն, և այլն։ Որը խոստացել են, որը կատարել են։ Ամենամեծ խոստումը դա հին գերեզմանատան ցանկապատման հարցն է եղել, որը ընթացքի մեջ է արդեն։ Ընտրություններից հետո անմիջապես իրականացվել են աշխատանքներ և հիմա իրականացվում են, ընթացքի մեջ են «Գրանդ հոլդինգի» միջոցներով։ Կոյուղի չունենք համայնքում, էդ էլ են խոստացել։ Դարձյալ չգիտեմ՝ ինչ միջոցներով»,- ասում է նա։
Հաղարծինում դեռ 2015-ին՝ համայնքների խոշորացման ժամանակ են գյուղը բարեկարգելու և զարգացնելու խոստումներ լսել։ Անգամ բեռնատարի անհրաժեշտության մասին ծրագրերում տողեր կան։ Սակայն, իրական արդյունքներ դեռ ոչ ոք չի տեսել։ Հաղարծինի վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանն ասում է․ «Ինչպես մեզ են խոստանում, թե՛ ղեկավարությունը, և թե՛ միջազգային կազմակերպությունները, նույնը մենք մեր բնակիչներին ենք փոխանցում, որ լավ է լինելու։ Հույս ունենք, որ լավ է լինելու, հույս ունենք, որ զարգանալու ենք»։
«Խոստումներն ուրիշ են, գործն ուրիշ է։ Այդպես է կարգը։ Քանի որ երկրի վրա կա շահ, չի լինելու արդար խոսք, շիտակ խոսք և արդարություն», «Սա ցիրկ ա, դեմագոգիա ա սա։ Աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասան։ Կյանքը տեսիլք է, մահը՝ վարագույր։ Այ հմի բոլորը էդ տեմպով են շարժվում»,- պատկերավորում են գյուղի բնակիչները։