Մատչելիության հղումներ

Մոգերինին ահազանգում է մամուլի ազատության նկատմամբ «ավելի հաճախակի դարձած հարձակումների» մասին


Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Մամուլի ազատության միջազգային օրվա՝ մայիսի 3-ի կապակցությամբ ԵՄ-ի անունից հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է՝ Եվրամիությունը դատապարտում է լրագրողների և ԶԼՄ-ների մասնագետների նկատմամբ անցանց և կիբեր-տարածությունում իրականացվող սպառնալիքների ու բռնության աճող դեպքերը:

«Ազատ մամուլը կարևոր է գործուն ժողովրդավարության կայացման համար: Այսօր, լրագրության համար ծանր պայմաններում, նշում ենք Մամուլի ազատության միջազգային օրը: Ամբողջ աշխարհում ավելի հաճախակի են դարձել ազատ արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ հարձակումները:

Մամուլի ազատությունը, բազմազանությունն ու անկախությունը պարտադիր է աշխարհում ժողովրդավարությունը խթանելու և պաշտպանելու համար: Ազատ մամուլը և արտահայտման ազատությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից են, որոնք նպաստում են կայուն, ընգրկուն և դիմակայուն հասարակությունների կայացմանը և կարող են օգնել չեզոքացնելու առաջացած լարվածությունն ու զսպել հակամարտությունները: ԵՄ-ն աջակցում է Կայուն զարգացման 2030 Օրակարգի կյանքի կոչմանը, որը ներառում է ազատ արտահայտման իրավունքի պաշտպանությունը և տեղեկության համընդհանուր հասանելիության ապահովումը:

Անհրաժեշտ է աջակցել անկախ, որակյալ և էթիկային համապատասխանող լրագրությանը: Դյուրացնելով հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ որակյալ և լավ ուսումնասիրված տեղեկատվության ազատ հոսքը, ինչպես նաև հանդես գալով որպես «հանրային հսկող»՝ անկախ ԶԼՄ-ները կազմում են մասնակցային ժողովրդավարության հիմքը և կարևոր գործիք են, որի միջոցով կարելի է կառավարություններին հաշվետու դարձնել իրենց կատարած գործողությունների համար: ԵՄ-ն երաշխավորում է, որ ազատ արտահայտման նկատմամբ հարգանքը ներառված է ԵՄ քաղաքականության բոլոր ուղղություններում և զարգացման ծրագրերում: Երրորդ երկրներում ԵՄ-ն հատկապես ֆինանսավորում է կոնկրետ ծրագրեր, որոնք միտված են լրագրության որակի կատարելագործմանը, ինչպես նաև հանրային տեղեկատվության և ազատ արտահայտման հասանելիության բարձրացմանը: 2015 թվականից ի վեր ԵՄ-ն աջակցություն է տրամադրում վտանգի ենթարկված շուրջ 45 իրավապաշտպանների, որոնք փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խթանում են ազատ արտահայտման իրավունքը:

ԵՄ-ն դատապարտում է լրագրողների և ԶԼՄ-ների մասնագետների նկատմամբ անցանց և կիբեր տարածությունում իրականացվող սպառնալիքների ու բռնության աճող դեպքերը: Ակնկալվում է, որ ի կատարումն խոսքի ազատության պաշտպանության և լրագրողների անվտանգության վերաբերյալ ստանձնած համընդհանուր պարտավորությունների՝ բոլոր պետությունները պետք է տրամադրեն աջակից իրավական միջավայր և քրեական հետապնդում իրականացնեն լրագրողների նկատմամբ հարձակումների բոլոր դեպքերի առնչությամբ: Երրորդ երկրների հետ երկկողմ շփումներում, ինչպես նաև բազմակողմ և տարածաշրջանային հարթության վրա՝ ԵՄ-ն հետևողականորեն ընդդիմանում է խոսքի ազատությունը սահմանափակող ցանկացած օրենսդրության, կարգավորման կամ քաղաքական ճնշման, ինչպես նաև կոնկրետ քայլեր է ձեռնարկում լրագրողների և բլոգերների նկատմամբ հարձակումների կանխարգելման և արձագանքման ուղղությամբ:

Առցանց և ցանցից դուրս ազատ արտահայտման ԵՄ ուղենիշները, որոնք ընդունվել են 2014-ին (և դրանց շարունակական իրականացումը) վերահաստատում է կարծիքի և խոսքի ազատության խթնամանը նպաստելու՝ Եվրամիության վճռականությունը, որպես իրավունքներ, որոնք պետք է իրացվեն բոլորի կողմից և ամենուրեք՝ հիմք ընդունելով հավասարության, խտրականության բացառման և համընդհանրության սկզբունքները, լրատվության ցանկացած միջոցներով և անկախ պետական սահմաններից»,- նշված է Մոգերինիի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG