Մատչելիության հղումներ

Հայտնաբերված ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը կասեցվել է. ՍԱՊԾ


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ), տեղեկացնում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցերի շրջանակներում, ինչպես նաև պետական այլ կառույցների հետ համագործակցության և սպառողների ակտիվ արձագանքների արդյունքում, մայրաքաղաքի և մի քանի մարզերի իրացման կետերում կասեցրել է հայտնաբերված ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայտնաբերված խմբաքանակը համարվել է վտանգավոր, քանի որ չի ունեցել անվտանգությունը հավաստող որևէ փաստաթուղթ: Հաշվի առնելով այս հանգամանքը, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանված կարգով, վտանգավոր ճանաչված խմբաքանակի իրացումն արգելվել է և հանձնարարվել ոչնչացնել (խոտանել) այն», - ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունը նաև նմուշառում էր կատարել և փորձաքննության ուղարկել ադրբեջանական ծագման խնձորների նմուշները: Արդյունքում՝ նախատեսված ցուցանիշների (դելտամետրին, դիմետոադ, մետալաքսիլ, ցիպերմետրին, ցիֆլուտին, ԴԴՏ և տրա մետաբոլիտներ, ՀՔՑՀ (ալֆա, բետտա, գամմա իզոմերներ), քլորպիրիֆոս) շեղումներ չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG