Մատչելիության հղումներ

Պուտինի և Մերկելի համատեղ ասուլիսին երկու առաջնորդները հակադիր պնդումներ են արել

Անգելա Մերկել և Վլադիմիր Պուտին, Սոչի, 2-ը մայիսի, 2017 թ․
Անգելա Մերկել և Վլադիմիր Պուտին, Սոչի, 2-ը մայիսի, 2017 թ․

Սիրիական ճգնաժամ, ուկրաինական հակամարտություն, Մեծ քսանյակի հանդիպում Համբուրգում և մարդու իրավուքնների ոտնահարում Ռուսաստանում: Այս հարցերն էին այսօր Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի հանդիպման հիմնական օրակարգային կետերը:

Սոչիում այսօր կայացած բանակցություններից հետո հրավիրված համատեղ մամլո ասուլիսում երկու առաջնորդներն ընդգծեցին՝ անհրաժեշտ է կյանքի կոչել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ճանապարհային քարտեզը՝ մինսկյան համաձայնագիրը: Իսկ թե ինչպես, այդ հարցում նրանց դիրքորոշումներն ակնհայտորեն տարբեր էին:

«Մենք ուզում ենք, որ Ուկրաինան մուտք ունենա Դոնբասում գտվող իր պետական սահման»,- հայտարարեց Գերմանիայի կանցլերը, մինչդեռ, Ռուսաստանի նախագահն ընդգծեց՝ խաղաղության հասնելու համար պաշտոնական Կիևը պետք է ուղիղ բանակցություններ սկսի անջատականների հետ:

«Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած իրադարձությունները հեղաշրջման ու Կիևում իշխանության հակասահմանադրական փոփոխության արդյունք էին, երկրորդ՝ Դոնբասը որևէ մեկը չի անջատել, Կիևի իշխանություններն իրենք են անջատում այդ տարածքները՝ զանազան շրջափակումների միջոցով»,- ասաց Պուտինը:

Անդրադառալով սիրիական ճգնաժամին՝ ՌԴ նախագահը, ի տարբերություն արևմտյան առաջնորդների, կրկին խուսափեց Իդլիբում քիմիական զենքի գործադրմամբ հարձակման մեղքը դնել գործող նախագահ Բաշար Ասադի վրա, պնդելով, թե անհրաժեշտ է «անաչառ ու մանրազնին հետաքննություն» անցկացնել: Միջազգային օրակարգից բացի, Գերմանիայի կանցլերն անդրարդարձավ նաև Ռուսաստանի ներքաղաքական խնդիրներին՝ Պուտինին կոչ անելով պաշտպանել երկրում քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

«Ես կրկին ընդգծեցի՝ որքան կարևոր է հավաքներ անցկացնելու իրավունքը քաղաքացիական հասարակությունում: Նշեցի, որ մենք բացասական հաղորդումներ ենք ստանում Չեչնիայում սեռական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի մասին: Եվ ես խնդրեցի նախագահ Պուտինին՝ օգտագործել իր ազդեցությունը՝ փոքրամասնությունների, այդ թվում՝ «Յեհովայի վկաների» իրավունքները պաշտպանելու համար»,- մամլո ասուլիսում հայտարարեց ԳԴՀ կանցլերը:

Ռուսաստանի առաջնորդը, մինչդեռ, կտրականապես ժխտեց ընդդիմադիրներին ճնշելու, բողոքի ցույցերը բիրտ միջոցներով ցրելու մասին պնդումները, հակադարձելով՝ Ռուսաստանում ոստիկանները շատ ավելի մեղմ են, քան եվրոպական մի շարք երկրներում: «Ռուսաստանի իրավապահ մարմիններն իրենց շատ ավելի զուսպ են պահում և առավել հանդուրժող են, քան իրենց որոշ գործընկերներ եվրոպական երկրներում, որտեղ ցույցերը ցրելու համար արցունքաբեր քազ ու մահակներ են կիրառում»,- պնդեց ՌԴ առաջնորդը:

Ասուլիսին նման հարց հնչեց․ մի քանի ամսից՝ առաջիկա աշնանը Գերմանիայում կայանալու են դաշնային ընտրություններ, չի՞ պատրաստվում արդյոք Կրեմլը նաև այդ քվերակությանը միջամտել: Չհերքելով նման հնարավորությունը՝ կանցլեր Անգելա Մերկելը, միաժամանակ, հավաստիացրեց՝ ինքը չի վախենում, բայց և չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել: «Մենք կզբաղվենք այդ խնդրով, եթե լինեն ապատեղեկատվության փաստեր, ինչպես օրինակ, Լիզայի դեպքում, ում իբրև թե, միգրանտներն էին բռնաբարել, կամ Լիտվայի դեպքում, որտեղ որոշակի մեղադրանքներ էին ներկայացվել մեր զինվորներին: Մենք կաշխատենք մեր քաղաքացիների հետ և գիտենք, որ կիբերհանցագործությունը միջազգային մարտահրավեր է»,- ասաց կանցլերը:

Վլադիմիր Պուտինն, իր հերթին, կրկին կտրկանապես հերքեց արևմտյան ընրություններին միջամտելու վերաբերյալ՝ Ռուսաստանին ներկայացվող մեղադրանքները: Դիմելով հարցը հնչեցրածին, նա ասաց․ «Դուք հղում եք անում Միացյալ Նահանգների օրինակին, ինչը երբևէ որևէ մեկի կողմից չի հաստատվել: Դրանք ընդամենը բամբասանքներ են, որոնք օգտագործվում են ամերիկյան ներքաղաքական մրցապայքարում: Իսկ դուք անմիջապես դրանց հիման վրա ենթադրություններ եք անում, այդ թվում, մեզ համար այնպիսի բարեկամական երկրի վերաբերյալ, ինչպիսին Գերմանիան է: Դա առնվազն տարօրինակ է»:

Ակնկալվում է, որ կանցլեր Մերկելի հետ հանդիպումից ժամեր անց՝ այսօր երեկոյան, Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց կունենա Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ: Վաշինգտոնն ու Մոսկվան առայժմ չեն հաղորդում՝ որն է լինելու երկու առաջնորդների արդեն երրորդ հեռախոսազրույցի հիմնական թեման: Լրատվամիջոցները, սակայն, փաստում են, որ հեռակա երկխոսությունը կայանում է երկու գերտերությունների միջև լարված հարաբերությունների և սիրիական ճգնաժամի շուրջ խորացող տարաձայնությունների ֆոնին:

XS
SM
MD
LG