Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրավապաշտպաններն իշխող վարչակազմին մեղադրում են քաղաքական սպանության մեջ


Բլոգեր Մեհման Գալանդարով, արխիվ
Բլոգեր Մեհման Գալանդարով, արխիվ

Ադրբեջանցի իրավապաշտպաններն իշխող վարչակազմին մեղադրում են քաղաքական սպանության մեջ՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին զբաղվել այս հարցով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ քաղաքական այս սկանդալը սկիզբ է առել անցած շաբաթավերջին, երբ պաշտոնյաները հայտարարեցին, թե ընդդիմադիր բլոգեր Մեհման Գալանդարովն ինքնասպան է եղել կալանավայրում։

«Ավելի քան 16 ամիս անցկացնելով Քյուրդախանի բանտում կարող եմ վկայել, որ այնտեղ՝ խցում որևէ մեկը չի կարող կախվել առանց կողմնակի աջակցության», - հայտարարել է հայտնի իրավապաշտպան, ներկայումս արտերկրում բնակվող Լեյլա Յունուսը։

Բաքվում գործընկերներից շատերն են նրա հետ համակարծիք։ «Բանտի միջանցքներում անընդհատ հերթապահող հսկիչ կա, որը պարբերաբար ստուգում է խցում տիրող իրավիճակը։ Բացի այդ, Գալանդարովը բանտախցում միայնակ չէր, պատժախցում կար ևս մեկը, և նման պայմաններում ինքնասպանություն գործելն անհնարին է թվում», - ասում է նախկին քաղբանտարկյալ Իբրահիմ Իբրահիմլին։

40 ամյա Գալանդարովը ձերբակալվել էր մոտ երկու ամիս առաջ, երբ Ֆեյսբուքում գրառում էր արել՝ «եկեք բոլորս լինեն Գիյաս Իբրահիմովի նման, ով ժամանակին հանդգնել էր Հեյդար Ալիևի արձանի վրա գրել՝ «Շնորհավոր ստրուկների տոնը»։ Մի եղեք ստրուկ, եղեք Գիյասի նման»։ Կոչից մեկ ժամ անց իրավապահները նրան ձերբակալել էին՝ թմրամիջոցներ պահելու համար։

Ավելի վաղ ընդդիմադիր ակտիվիստը բողոքի ցույց էր կազմակերպել Թբիլիսիում՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ «Մենք թագավոր չենք ուզում» կարգախոսով։

Պաշտոնական աղբյուրները պնդում են, թե Գալանդարովն ինքնասպանություն է գործել, սակայն, այս մասին տեղեկությունը հանրությունից թաքցնելու փորձերը, դիակը հարազատներին չհանձնելու, գաղտնի հուղարկավորություն կազմակերպելու փաստը, հիմք են տալիս ենթադրելու, որ նա իրականում կտտանքների է ենթարկվել», - հայտարարում է «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» դաշինքի ղեկավարը։

Ընդ որում, ինչպես պնդում է Լեյլա Յունուսը, իշխող վարչակազմն առաջին անգամը չէ ֆիզիկական հաշվեհարդար տեսնում ընդդիմախոսների հետ։ «Գալանդարովը Ալիևի արյունարբու վարչակազմի միակ զոհը չէ», - հայտարարում է հայտնի իրավապաշտպանն, ով այս հարցով արդեն դիմել է Եվրախորհրդարանի և ՄԱԿ-ի կառույցներին. - «2007 թվականին կալանավայրում նրանք ծեծելով սպանեցին 33-ամյա ընդդիմադիր Էմիլ Մամադովին, իսկ հետո այնպես հուղարկավորեցին, որ ոչ ոք չիմացավ։ 2009-ին կալանավայրում սպանվեց Թալիշների ազգային շարժման ներկայացուցիչ Նովրուզ Ալի Մամեդովը։ Դրանից մեկ տարի առաջ բանտում սպանվել էր նրա որդին, ով եկել էր հորը տեսակցելու, իսկ հետո արդեն բեռնատարը վրաերթի ենթարկեց Մամադովի կրտսեր որդուն, հիմա էլ նրանք սպանեցին Գալանդարովին։ Ակնհայտ է, որ նրան սպանել են, քանի որ վստահ էին, որ որևէ մեկն առանձնապես աղմուկ չի բարձրացնի մի մարդու համար, ով ընտանիք չունի և չի հարում որևէ քաղաքական կուսակցության»։

Օրեր շարունակ հերքելով ընդդիմադիրների մեղադրանքները՝ երեկ Ադրբեջանի դատախազությունը, ի վերջո, հայտարարեց, թե դեպքի շուրջ ծառայողական քննություն է անցկացվել, կալանավայրի ղեկավարը խիստ նկատողություն է ստացել երկու աշխատակից էլ պաշտոնանկ են արվել։

Պաշտոնական աղբյուրները, սակայն, կտրականապես հերքում են պնդումները, թե ակտիվիստը սպանվել, կամ կտտանքների է ենթարկվել կալանավայրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG