Մատչելիության հղումներ

Բաքվի ոստիկանությունը ձերբակալել է Հեյդար Ալիևի արձանը պղծելու մեջ կասկածվող երկու երիտասարդի


Ադրբեջան - Հեյդար Ալիևի հուշարձանը Բաքվում, արխիվ

Ադրբեջան - Հեյդար Ալիևի հուշարձանը Բաքվում, արխիվ

ՆԳՆ-ն, սակայն, հաղորդում է, թե երիտասարդները ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։

Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Բաքվի կենտրոնում Ադրբեջանի նախկին նախագահ, գործող նախագահի հայր Հեյդար Ալիևի արձանը պղծելու մեջ կասկածվող երկու երիտասարդի։

Պաշտոնապես նրանց մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով։ Ձերբակալվածները N!DA երիտասարդական քաղաքացիական շարժման անդամներ են՝ Բայրամ Մամեդովը և Գիաս Իբրահիմովը։

Ապրիլի 12-ին դատարանը նախ որոշեց չորս ամսով կալանել Մամեդովին, ապա երկու ժամ անց, մեկ այլ որոշմամբ, չորս ամսվա կալանք սահմանեց նաև Իբրահիմովի նկատմամբ։

Մամեդովի փաստաբան Էլչիմ Սադիխովի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալը դատարանում հայտարարել է, որ Բաքվի ոստիկանության բաժանմունքում և Նարիմանովի շրջանի ժամանակավոր պահման մեկուսարանում ենթարկվել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի։

Փաստաբանը հայտնել է, որ երիտասարդներին ստիպել են մաքրել ժամանակավոր պահման մեկուսարանի հատակը։ «Նա վախեցած է։ Իսկ երբ ես բողոքեցի, ինձ դուրս վռնդեցին՝ չթողնելով տեսակցել նրանց հետ», - ասել է փաստաբանը՝ հավելելով, որ բողոքարկելու է իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշումը։

Բայրամ Մամեդովը դատարանում հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները՝ ասելով, որ իրեն ձերբակալելու իրական պատճառը Հեյդար Ալիևի արձանին արված մակագրություններն են։ Մայիսի 10-ին՝ Հեյդար Ալիևի ծննդյան օրվա վաղ առավոտյան նրա արձանի պատվանդանին գրված էր՝ «Կեցցե ստրուկների տոնը»։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ ձերբակալված երիտասարդների մոտ թմրանյութ է հայտնաբերվել։ Ըստ ներքին գործերի նախարարության, Մամեդովի մոտ երեք գրամ հերոին է եղել, իսկ նրա տանը մեկ կիլոգրամ հերոին են գտել, Իբրահիմովի մոտ 2.5 գրամ հերոին են գտել, տանը խուզարկություն են արել, մեկ կիլոգրամ հերոին են հայտնաբերել։

Մեծ քանակի թմրանյութ պահելու առաջադրված մեղադրանքներով երիտասարդներին 12 տարի ազատազրկում է սպառնում։

N!DA կազմակերպությունը հայտարարել է, որ երիտասարդներին ձերբակալելու իրական պատճառը մայիսի 10-ին Հեյդար Ալիևի արձանին մակագրություններ անելն է։

Meydan TV-ի փոխանցմամբ, սոցցանցերի որոշ օգտատերեր այդ արարքը գնահատել են որպես հանդուգն մարտահրավեր՝ ուղղված ավտորիտար իշխանություններին, ինչպես նաև ապացույց, որ չնայած բոլոր բռնաճնշումներին՝ Ադրբեջանում այդպես էլ չի հաջողվել ամբողջությամբ կոտրել քաղաքացիական հասարակությանը։

XS
SM
MD
LG