Մատչելիության հղումներ

Դիլիջանի հետ միավորված Հաղարծինում մինչ այսօր սպասում են կառավարության խոստումների կատարմանը


Հաղարծինցիները դժգոհում են Դիլիջանի հետ միավորման արդյունքներից, ապրիլ, 2017 թ․
Հաղարծինցիները դժգոհում են Դիլիջանի հետ միավորման արդյունքներից, ապրիլ, 2017 թ․

Տավուշի մարզի Հաղարծին գյուղում, Դիլիջան քաղաքին միանալուց մեկուկես տարի անց, արձանագրում են. համայնքի խոշորացումը գուցե լավ ծրագիր է, բայց ոչ թե 90 միլիոն դրամ բյուջե ունեցող, այլ փոքր գյուղերի համար։ Գյուղապետի փոխարեն արդեն վարչական ղեկավար նշանակված Գևորգ Թամրազյանն ասում է.

«Նախկինում մենք ունեցել ենք, որպես Հաղարծին համայնք, մինչև 90 միլիոն դրամի սեփական տարեկան բյուջե, մեր բյուջեով մենք բավարարվել ենք, կարողացել ենք և՛ մեր հարցերը լուծել, և՛ ծրագրեր ներգրավել: Իսկ այսօր քանի որ մեծ համայնք է դարձել․․․»,- ասում է Թամրազյանը:

Գյուղը Դիլիջանի հետ միավորելու ծրագրի հեղինակները մայրաքաղաքից էին։ Դեռ 2 տարի առաջ հաճախակի գալիս, գյուղամիջում հավաքվածների հետ գյուղի խնդիրներն էին քննարկում: «Կոյուղի կքաշենք, աղբահանման արկղեր կդնենք, մեքենաներ կտանք, բանվոր կաշխատի»,- տրված խոստումներն են հիշեցնում մարդիկ:

Գյուղացիների մեծ մասը չհավատաց այդ խոստումներին ու «ոչ» ասաց կառավարության ծրագրին։ «Չենք ուզում Դիլիջանին միանալ ու վերջ»։ Բայց, գյուղ եկած «մեծավորները» միլիոնավոր դոլարների ներդրումների մասին կոնկրետ ժամանակացույց էին նշում, ասում էին՝ «այդ փողերով ձեր գյուղը Եվրոպա ենք դարձնելու»։ «Ասում էին, բայց չկա, ցավոք սրտի»,- արձանագրում է Հաղարծինի վարչական ղեկավարն ու շարունակում․ «1 տարի և ավելի է անցել, բայց, այսպես ասած, տեսանելի չեն, արդյունքները շոշափելի չեն»։

Գյուղացիներն ասում են, որ միավորումից հետո իրականացվելիք ծրագրերը խոստումներից այն կողմ դեռ չեն անցել, թեև վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանին լուրեր են հասել, որ խոստացված գործերը շուտով սկսվելու են՝ «տեխնիկայի տրամադրման, գյուղի փողոցների լուսավորության և աղբահանության մասով»։ «Կային ավելի առաջնահերթ ծրագրեր, խմելու ջրագծերի ներքին ցանց, կոյուղագծի անցկացում, համայնքային ճանապարհների բարեկարգում և այլն, բայց դա մեր որոշելով չի»,- ասում է Գևորգ Թամրազյանը:

Ծրագրերին սպասող հաղարծինցիները մինչ այսօր միայն խոշորացման բացասական ազդեցությունն են զգացել։ Տարեկան 90 միլիոն դրամ բյուջե ունեցած գյուղն այժմ զրկվել է սեփական բյուջեն Հաղարծինի կարիքների համար ծախսելու հնարավորությունից։ Համայնքային 17 աշխատատեղերից 10-ը կրճատվել է, մնացած 7-ի համար նախատեսված աշխատավարձն էլ գրեթե կիսով չափ նվազել։ Վարչական ղեկավարի խոսով, համայքնի ղեկավարը ժամանակին 200 հազար դրամ և ավելի չափով աշխատավարձ է ստացել, հիմա ինքը ստանում է 137 հազար դրամ աշխատավարձ:

«Իմ աշխատավարձն էն վախտ էլել ա 89 հազար, համարյա 90 հազար դրամ, հմի 54 եմ ստանում։ Էլի ծանրաբեռնված, շատ ջրեր ա տրաքած, սաղ օրը, էն ա, ջրի մեջ, բայց վինուժդենի եմ աշխատում», «Աշխատավարձը էլի իջել ա, հմի ստանում եմ նվազագույն 55 հազարը, իսկ նախկինում 70 հազար էի ստանում։ Այն ժամանակ 2 հոգով էինք աշխատում, էս նույն աշխատանքը կատարում, հմի մենակ եմ անում ու ցածր»,- դժգոհում են գյուղի բնակիչները: Գևորգ Թամրազյանի խոսքով, պատճառը մեկն է՝ չկան բավարար ֆինանսական միջոցներ։

Մինչդեռ, տարիներ առաջ, կառավարության ներկայացուցիչները պնդում էին, որ համայնքները խոշորացնում են, որպեսզի ֆինանսական միջոցները բավարար լինեն ինչպես մեծ ծրագրերի իրագործման, այնպես էլ ավելի բարձր աշխատավարձեր վճարելու համար։ Այսօր, սակայն, Հաղարծինում և Դիլիջանին միացված մյուս 5 գյուղերում դեռ սպասում են տրված խոստումներին:

Գևորգ Թամրազյանն ասում է, որ Տավուշի մարզի մյուս գյուղերից, որոնք ևս շուտով պետք է խոշորացվեն, հաճախ հարցուփորձ են անում, տեղեկանալու՝ ինչպիսի՞ն են խոշորացման արդյունքները։ Առայժմ նրանց այդ մասին որևէ դրական բան ասել չի կարողանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG