Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրությունների օրը Հանրապետական Հակոբ Բեգլարյանի շտաբում գումար բաժանելու դեպքով որևէ մեկը չի պատժվի:

Ըստ Հատուկ քննչական ծառայության, ապրիլի 2-ին «Ազատության» թղթակիցը իշխող ուժի թեկնածուի նախընտրական շտաբում արձանագրել է ոչ թե ընտրակաշառք, այլ աշխատավարձ բաժանելու դեպք:

Իրազեկ քաղաքացիների միավորման ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի կարծիքով, իրավապահ մարմնի այս որոշումը ցույց է տալիս, որ ընտրակեղծիքները կազմակերպվել են պետական մակարդակով․ - «Երբ որ իրավապահ համակարգը կոծկում է ընտրակաշառքը, դա նշանակում է, որ մի ամբողջ սիստեմ ա գործում վարչական ռեսուրսի, համապետական սիստեմ․․․»

Խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը՝ ապրիլի 2-ին, «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրելյանը Երևանի Կոնդ թաղամասում՝ նկատել էր, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտնում են պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբ: Դուրս գալուց նրանցից մի քանիսի ձեռքին մեր թղթակիցը գումար էր նկատել, ինչից հետո նույնպես մտել է շտաբ: Տեղում գտնվող անձինք, նկատելով լրագրողին, պարզաբանել էին, որ ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ:

Ըստ ՀՔԾ-ի, պարզվել է, որ ընտրակաշառք չի բաժանվել, այլ Հակոբ Բեգլարյանի համար աշխատած 14 ակտիվիստներ քվեարկության օրը գնացել են շտաբ 40 հազարական դրամ աշխատավարձ ստանալու:

Նախընտրական շրջանում Հանրապետական կուսակցության համար ընտրողների ցուցակներ կազմած հարյուրից ավելի տնօրենների մասին հետաքննության հեղինակ Դանիել Իոաննիսյանը հակադարձում է՝ աշխատավարձ նման կերպ չեն բաժանում․ - «Դա ապօրինի գործարք է: Մարդը պետք է գրանցված լինի որպես աշխատող, գումար ստանա, և իր համար պետք է վճարվի եկամտահարկ: Ես հիշեցնեմ սահմանադրական հանրաքվեի պատմությունը, երբ ձեր լրագրողը ֆիքսել էր «Գազելից» բաժանվող գումարներ, հետո իրավապահները նորից ասել էին, որ դա աշխատավարձ էր, իսկ հետո մենք, ուղարկելով հարցումներ հարկային, պարզել էինք, որ այդ մարդիկ բաժանողի մոտ երբեք չեն աշխատել․․․ Այսինքն, մենք փորձել ենք պարզել, իրավապահները դա չեն փորձել անել: Այսքանը արդեն բավարար է, որպեսզի պնդենք, որ իրավապահների որոշումը ընդհանրապես արդյունավետ քննության արդյունքում չի կայացվել»:

Քրեական հետապնդում չիրականացնելու որոշման մեջ Հատուկ քննչական ծառայությունը նաև նշում է, որ այն պահից սկսած, երբ լրագրողները տեղեկացել են, որ շտաբում չի իրականացվում հրապարակային քարոզչություն, «նրանց գործողությունները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և եղել ոչ օրինական»:

«Հետևաբար շտաբում կամ այնտեղ մուտք գործելու ցանկության ժամանակ որևէ անձի գործողություն չի կարող որակվել, որպես ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացման խոչընդոտում», - նշվում է ՀՔԾ որոշման մեջ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը հակադարձում է, որ նախընտրական շտաբը տեղեկատվական տարածք է և լրագրողը կարող է անարգել մուտք գործել այնտեղ․ - «Երբ նույնիսկ մասնավոր տարածքը դառնում է նախընտրական շտաբ, նախընտրական շտաբը դառնում է արդեն հանրային տարածք, հետևաբար լրագրողի գործունեության վայր է: Այնպես որ, թող Հատուկ քննչական ծառայությունը հերթական անգամ կատարելով այն պատվերը, որը որ իշխանությունն է ուզում, չփորձի այդպիսի հիմնավորում գտնել, որը որ որևէ վստահություն հասարակության առջև չի ներշնչում»:

Իրավապաշտպանները ՀՔԾ-ի որոշումը համարում են վատ նախադեպ և զգուշացում մամուլի ներկայացուցիչներին:

«ՀՔԾ-ի որոշումը, որ այ, լրագրողի տեղը ստեղ ա, և ստեղ չի, տնօրենների հայցերը և այլն, սրանք մեսիջներ են, որ ասում են՝ ստոպ, քաղաքացիական հասարակություն, լրագրողներ, ինչ-որ շատ եք ձեզ ազատ զգում, շատ մի ընդարձակվեք», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

«Դրանով կարծես թե նախազգուշացնեն լրագրողներին, որ շատ ավելի զգուշավոր դուք պետք է գործեք, հակառակ դեպքում կարող են լինել խոչընդոտներ, և դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չկրի», - հավելեց Աշոտ Մելիքյանը:

Ապրիլի 2-ին նախընտրական շտաբից դուրս գալով «Ազատության» թղթակիցը նաև արձանագրել էր, թե ինչպես են խոչընդոտում մեկ այլ լրագրող Շողիկ Գալստյանի աշխատանքը․ արդյունքում խլել էին նաև «Ազատության» թղթակցի հեռախոսն ու ավելի ուշ վերադարձրել:

Ի տարբերություն գումար բաժանելու դրվագի՝ շտաբի բակում բռնությամբ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասով Հատուկ քննչական ծառայությունը երկու անձի մեղադրանք է առաջադրել և գործն ուղարկել դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG