Մատչելիության հղումներ

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ նախօրեին կայացած հանդիպումից ընդամենը ժամեր անց, ադրբեջանական զինուժը գնդակոծության է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Բաղանիս և Կոթի գյուղերը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում սահմանամերձ այդ բնակավայրերի բնակիչներն ասացին, որ երեկ երեկոյան կրակում էին ոչ միայն գյուղերի, այլև դիրքերի ուղղությամբ: Բաղանիսից Գոհար Գալյանի խոսքով, այս անգամ ադրբեջանական կողմը կիրառել է նաև խոշոր տրամաչափի զենք: «9 անց 15 էր, սկսվեցին միանգամից ուժեղ կրակոցներ, մեծ զենքերից, երևի մի կես ժամ տևեց: Մեր տունը համարյա կենտրոնում ա, տանից մեծ լույսեր էին երևում, պայթում էր: Բայց փառք Աստծո, մեծ ավերածություն չի եղել, տներին կպել ա, բայց մեծ կորուստներ չունենք: Էսօր հանգիստ ա եղել»,- ասաց բնակչուհին:

Ըստ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի, երեկվա գնդակոծության հետևանքով գյուղում զոհեր, վիրավորներ չկան, վնասվել է չորս տուն: «2014 թվականից էս կողմ նույն տրամաչափն ա էլի, 12 ու 7, վնասվել են տների լուսամուտներ, տանիքներ, մեքենա: Փառք Աստծո, պայթյուն չի եղել»,- ասաց գյուղապետը:

Գնդակոծել է նաև Բաղանիսի հարևան Կոթին: Գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի ներկայացմամբ՝ երեկ երեկոյան տեղի ունեցած գնդակոծությունը կարճ է տևել․ «Գնդակոծել են և՛ գյուղի ուղղությամբ, և՛ դիրքերի: Մարդիկ, բարեբախտաբար, չեն տուժել»: Կապվեցինք նաև Բաղանիսի ու Կոթիի հարևանությամբ գտնվող Ոսկեպար և Բերքաբեր գյուղերի գյուղապետերի հետ, նրանք ասացին, որ իրենց բնակավայրերի ուղղությամբ չեն կրակել:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, հայկական կողմի պատասխան գործողություններից հետո հակառակորդը հարկադրված լռել է: «Ընդհանուր առմամբ, երեկ երեկոյան, հինականում ուշ ժամերին, մինչև կեսգիշեր, կրակոցներ եղել են, երրոդ բանակային կորպուսի հատվածում:

Կրակել են հիմնականում հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից, ոչ մեծ քանակությամբ՝ մոտ 2 կամ 3 տասնյակի չափ: Կոնկրետ հետևանքներ չեն եղել: Հակառակորդի գործողություներին տրվել է որոշակի պատասխան, որից հետո հակառակորդը կրակոցները դադարեցրել է: Կեսգիշերից հետո, ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակը:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն Ստյոպա Սաֆարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արտործնախարարների մոսկովյան հանդիպումը զուգորդվեց շփման գծում հայկական կողմի զոհերով, Ադրբեջան ռուսական սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարմամբ, իսկ հանդիպումից հետո էլ գնդակոծվեցին Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերը:

«Դա մտնում է մատրիցայի մեջ, որպես ռուսական ստրատեգիայի մի մաս՝ Հայաստանին ահաբեկելու և սարսափեցնելու: Ես կարծում եմ՝ պատճառները թաքնված են նրանում, որ տարեսկզբին Հայաստանը կարծես թե փորձեց [դիմադրության] նշաններ ցույց տալ, մերժելով նախագահների մակարդակով հանդիպումը»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Հաշված օրեր անց՝ մայիսի 2-ին, Հայաստանի ներկայացուցիչը` Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ստանձնելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հայտնի չէ, թե ինչ ազդեցություն կունենա այդ պաշտոնում Երևանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ դիրքորոշման վրա: Այդ կառույցն, ինչպես հայտնի է՝ խուսափում է հասցեական քննադատությունից, իր հայտարարություննրում երբևէ չնշելով հրադադարը խախտող կողմի անունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG