ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ այսօր Մոսկվայում կայացած հանդիպումը:
Ինչպես փոխանցում է ԱԳՆ լրատվական ծառայությունը, պատասխանելով «Արմենպրես»-ի հետևյալ հարցին՝ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ մոսկովյան հանդիպումից առաջ Բաքվի կողմից շփման գծում իրավիճակի լարումը, որի հետևանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել», Բալայանը պատասխանել է․
«Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։
Նման սադրանքի գնալով այն ժամանակ, երբ բոլորը սպասում են մոսկովյան հանդիպման արդյունքին՝ Բաքուն նաև հստակ ի ցույց է դնում, որ իրականում հետաքրքրված չէ դրանով և, անկախ նրանից, թե ինչ մակարդակով հանդիպում է ընթանում, շարունակում է կառչած մնալ տարիներ շարունակ իր որդեգրած սադրանքների քաղաքականությունից»։