Ադրբեջանի իշխանություններն այժմ էլ արդեն դատարանով են փորձում արգելափակել երկրում գործղ ընդդիմադիր կայքերի աշխատանքը: Մասնավորապես, Բաքվի Սեբայիլի շրջանային դատարանն այսօր սկսեց քննել տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության կենտրոնի հայցը, որով կառավարությունը պահանջում է արգելափակել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի էլեկտրոնային էջը:
Կառավարական կենտրոնը պնդում է՝ Ալիևի վարչակազմի կոռումպացվածության, ընդդիմության դեմ հալածանքների ու բռնապետական կառավարման մասին պատմող լրատվամիջոցները «վտանգ են ներկայացնում պետության և հասարակության օրինական շահերի համար», ուստի՝ դրանց աշխատանքը պետք է սահմանափակվի:
Ընդ որում, թիրախում հայտնված կայքերն Ադրբեջանում անհասանելի էին դարձել դեռ շաբաթներ առաջ, առանց որևէ պատճառաբանության: «Իրականում Ալիևի վարչակազմն ընդամենը փորձում է օրինականացնել այն, ինչը վաղուց է արել և անում»,- հայտարարել է կառավարության թիրախում հայտնված Turan TV-ի գլխավոր խմբագիր Գանիմատ Զախիդը, ընդգծելով, որ դատարանից արդար քննություն չի ակնկալում, քանի որ հայցը «զուտ քաղաքական նպատակ է հետապնդում»:
Հայցը ներկայացնելուց մեկ ամիս առաջ՝ մարտի 7-ին, Ադրբեջանի խորհրդարանն արագացված կարգով ընդունել էր նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած օրենսդրական փոփոխությունները՝ դատարաներին հնարավորություն տալով արգելափակել անցանկալի կայքերի աշխատանքը: «Սա հստակ արշավ է ազատ մամուլի դեմ»,- ասել է Meydan TV-ի իրավաբան Էլչին Սադիքովը, հավելելով․ «Օրենքը փոխվել է, և հիմա արդեն իշխանությունը կարող է հազար ու մի կեղծ պատրվակով դատարան դիմել: Սա հարձակում է խոսքի ազատության դեմ և այս ոլորտում ստանձնած պարտավորությունների ոտնահարում է»:
Քննադատելով օրենքում կատարված փոփոխությունները՝ փորձագետները, միաժամանակ, պնդում են՝ այս դեպքում կառավարությունն անգամ դրանց չի հետևել, «ներկայացված հայցը հակասում է օրենքի պահանջներին»,- ասում է Ալեքսեր Մամեդլին: «Կառավարությունը նախ պետք է զգուշացներ օրենքի խախտման մասին, մինչդեռ՝ լրատվամիջոցներից որևէ մեկը նախազգուշացում չի ստացել: Օրենքի համաձայն, կառավարությունը կարող էր դատարան դիմել, եթե նախազգուշացումից հետո վիճահարույց հոդվածները շարունակեին մնալ կայքերում, մինչդեռ, հիմա հայց է ներկայացվել դատարան՝ առանց այս քայլերն անելու, ինչն օրենքի խախտում է»,- նշել է փորձագետը:
«Ազադլիք.ինֆո»-ի իրավաբան Սեմեդ Ռեհիմլին էլ նշում է՝ կառավարության ներկայացրած հայցի մասին իրենք միայն նախօրեին են տեղեկացել, հստակ պարզաբանում այդպես էլ չեն ստացել․ «Ներկայացված հայցում դատախազությունն ընդամենը հղում է անում օրենքին, որը թույլ է տալիս արգելափակել սահմանադրական կարգի տապալում, բռնություններ, անկարգություններ ու ատելություն քարոզող կայքերը: Սակայն, հայցադիմումին կցված չէ հիմնավորող որևէ ապացույց, չկա որևէ հոդված կամ հրապարակում, որով, ըստ կառավարության, օրենք է խախտվել»:
Դատական առաջին նիստի մեկնարկին լրատվամիջոցները միջնորդել են հետաձել քննությունը՝ գործի մանրամասներին ծանոթանալու համար: Հաջորդ նիստը կկայանա մայիսի 1-ին՝ առաջիկա երկուշաբթի: Ավելի վաղ «Ազատության» նախագահ Թոմաս Քենթը դատապարտել էր Ադրբեջանի կառավարության այս քայլը՝ դա որակելով որպես իշխանության չարաշահման աղաղակող փաստ և հանրությանը ազատ ու անկախ լրատվությունից զրկելու փորձ: