Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքերին։
Վարչապետը մասնավորապես ասել է. - «Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են ընձեռում բանկերին և վարկային կազմակերպություններին համապատասխան վարկային պարտավորությունը վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել տույժեր կամ տուգանքներ: Նման մեխանիզմը, չնայած իր հնարավոր առավելություններին, միաժամանակ անհարկի բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար: Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին, նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև կառավարության աշխատակազմ»:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում:
ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ տույժ ու տուգանքներ դնելու հնարավորությունները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվել, որն այժմ գտնվում է Ազգային ժողովում և անցել է երկու ընթերցում:
Կարապետյանը Ջավադյանին հորդորել է արագացնել այդ գործընթացը, կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և ներկայացնել առաջարկություններ:
Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ գերատեսչությունների կողմից վեց ամսվա կատարված աշխատանքների հաշվետվություններն արդեն ներկայացված են, սակայն եթե կան դիտարկումներ հաշվետվությունների վերաբերյալ, ապա մինչև մայիսի 5-ը արագ կարգավորել դրանք, որպեսզի կառավարության նոր ծրագրում բացթողումները բացառվեն: