Մատչելիության հղումներ

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցում է Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովին


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ավանդական դարձած համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությունը և լարվածության աճը Կորեական թերակղզում։ Առանձին հարթակներում քննարկվում են նաև Մերձավոր Արևելքում ծայրահեղականության և ահաբեկչության աճը, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները և այլն։

Համաժողովի աշխատանքների շրջանակում Վիգեն Սարգսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի իր գործընկերների հետ։ Մասնավորապես՝ Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։

Նույն օրը կայացել է նաև Վիգեն Սարգսյանի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ։ Ընդգծելով հայ և սերբ ժողովուրդների ընդհանրությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ դա հրաշալի նախադրյալ է հայ-սերբական հարաբերությունների խորացման համար։ Մասնավորապես, նշվել է, որ համագործակցության մեծ ներուժ կա ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական և այլ ուղղություններով։ Որպես արդյունավետ գործակցության օրինակ նշվել է միասնական գործունեությունը խաղաղապահ առաքելություններում։ Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները՝ առավել առարկայական դարձնելով քննարկումները երկկողմ գործակցության խնդիրների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG