Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և դրանից հետո նոր կառավարության կողմից իրականացվելիք աշխատանքներին ու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումներին, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորություններին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Հայաստանում ԱԺ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, ընդգծելով, որ Հայաստանն այդ ընտրություններով լուրջ քայլ կատարեց դեպի առաջ և՛ կայունության, և՛ երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից, իսկ նկատված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ, ըստ Հերբերտ Զալբերի, կարելի է աշխատել:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը գոհունակությամբ է խոսել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված արդյունքների մասին՝ նշելով 2017թ. փետրվարին ՀՀ Նախագահի Բրյուսել կատարած այցը, որի ժամանակ ազդարարվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, իսկ մարտի 21-ին Երևանում Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և մեծապես կարևորել ընտրությունների նախապատրաստական փուլում ԵՄ կողմից ցուցաբերված զգալի աջակցությունը, որն իր ազդեցությունն ունեցավ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունները, այս փուլում առկա խնդիրներն ու մտահոգությունները, հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հանձնառության իրականացմանն ու հնարավոր աջակցության ուղիներին վերաբերող հարցեր: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վստահեցրել է, որ Եվրամիությունը շահագրգռված է և ցանկանում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել հիմնախնդրի լուծմանը՝ աջակցելով այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG