Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը:
Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ:
Տեղում, նախագծի վրա քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի կառուցման արդյունքում Երևանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:
Արդեն իսկ ավարտվել են Արշակունյաց պողոտայի և Արտաշատի խճուղու վերակառուցման, լայնացման, ինչպես նաև Նոր Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները՝ ընդհանուր 5 կմ երկարությամբ, որը շահագործման հանձնվեց 2016 թվականի դեկտեմբերին: