Մատչելիության հղումներ

ԹԻ-ն վերագործարկում է ընտրությունների վերահսկման էլեկտրոնային հարթակը


Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻ) գործարկում է ընտրախախտումների մասին ահազանգերը միավորող այդիտորդ էլեկտրոնային հարթակը։ Ըտրակաշառք, մրցակցության խոչընդոտ, ճնշումներ ու վարչական ռեսուրսի չարաշահում․ քաղաքացիներից ստացված այսօրինակ ահազանգերը այսօրվանից կարձանագրվեն iditord.org կայքում և կտեղադրվեն Երևանի ինտերակտիվ քարտեզի վրա։

Հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով, էլեկտրոնային այս հարթակը քաղաքացիական վերահսկողության բաց գործիք է․ - «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք չհասցրեցինք վերագործարկել հարթակը և հետո փոշմանեցինք իրականում, որովհետև, ինչպես հասկացանք, բազմաթիվ էին խախտումները, որ կարելի էր արձանագրել: Այս ընտրություններին ընդառաջ մենք արդեն վերագործարկեցինք այս հարթակը: Այս անգամ այն արվում է կամավորական սկզբունքներով»:

Կայքը հնարավորություն է տալիս ներբեռնել նաև ընտրախախտումը փաստող լուսանկար կամ տեսանյութ։ Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ ինֆորմացիայի աղբյուրի գաղտնիությունն ապահովված է լինելու․ - «Սակայն մենք խնդրում ենք, որ անպայման տեղեկատվությունը հայտնողը նշի իր անունը, էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոս: Սա մենք անում ենք նախ և առաջ մեզ համար, որպեսզի մենք հետադարձ կապ հաստատենք անհրաժեշտության դեպքում և որևէ հարցեր ճշտենք կամ որևէ պարզաբանումներ ստանանք»:

Ըստ հարթակի պատասխանատուների, արձանագրված խախտումները կուսակցությունների համար ընտրության արդյունքները վիճարկելու հիմք կարող են հանդիսանալ։

Սոնա Այվազյանը ընդունում է մտավախությունը, որ կայքը կարող է ապատեղեկատվության տարածման հարթակ լինել: Դրանից խուսափելու նպատակով ահազանգերը հրապարակումից առաջ մոնիթորինգի կենթարկվեն․ - «Մենք քաջալերում ենք իրականում վիդեո և ֆոտո նյութերի տեղադրումը, որովհետև դրանք են ապացույցը»:

Այսօր գործարկված էլեկտրոնային հարթակը քաղհասարակության ներկայացուցիչների կողմից Երևանի ավագանու ընտրությունները դիտարկող առայժմ միակ նախաձեռնությունն է։

Խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած հասարակական կազմակերպությունները, այդ թվում նաև ԹԻ-ն, դեռ հստակ չգիտեն, թե արդյոք կունենան դիտորդներ մայիսի 14-ի երևանյան ընտրություններին․ - «Մենք դեռ չենք կարող ասել, որովհետև ռեսուրսների անհրաժեշտություն կա»:

Այդուհանդերձ, հաշվի առնելով ապրիլի 2-ին կայացած ընտրությունները, հակակոռուպցիոն կենտրոնում արդեն կանխատեսում են թե ինչ պատկեր կլինի Երևանի ավագանու ընտրություններում․ - «Ենթադրում եմ, որ էլի կլինի նույն այդ թաղային խուժանը, որն ակտիվորեն մասնակցում էր քաղաքացիների ուղղորդմանը, նրանց քվեարկության վերահսկողությանը: Կարծում եմ, որ մրանք էլի կլծվեն նույն գործին, հատկապես, որ նրանց մեծամասնությունը հենց Հանրապետական կուսակցությունն էլ ներկայացնում էր»:

Մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում, Երևանի ավագանու 65 մանդատների համար կպայքարեն 3 քաղաքական ուժ։ ՀՀԿ-ն՝ Տարոնի Մարգարյանի, «Ելք»-ը՝ Նիկոլ Փաշինյանի և «Երկիր Ծիրանին»՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG