Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության այսօրվա հայտարարության, ապրիլի 21-ից 22-ը Հարավային Օսիայում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունն՝ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ։
Ապրիլի 21-ին Ղարաբաղի պատվիրակությունը մասնակցել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի երդմնակալության արարողությանը։
Կարեն Միրզոյանը նրան է փոխանցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
Այցի շրջանակներում ԼՂ արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: