Մատչելիության հղումներ

Չեխիայի հայությունն այսօր նշել է Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցը:

Ավանդույթի համաձայն, նախ համայնքի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել հայոց ողբերգության մասին պատմող գլուխգործոցի՝ «Մուսա Լեռան 40 օրը» վեպի հեղինակ, Պրահայում ծնված աշխարհահռչակ գրող Ֆրանց Վերֆելը հիշատակին, ապա ծաղիկներ դրել Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ:

Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի ոգեկոչման հիմնական արարողությունը՝ երթը, մեկնարկել է Պրահայի խորհրդանշան հոյակերտ Վացլավի հրապարակից, որտեղ Սուրբ Վացլավի արձանի մոտ են հավաքվել են հարյուրավոր հայեր երկրի ամենատարբեր շրջաններից:

Ցուցարարներըի շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, այնտեղից տեղափոխվել Հին Քաղաքի հրապարակ:

Քայլերթի ընթացքում երիտասարդները բաժանել են թռուցիկներ, վանկարկել կարգախոսներ և չեխերեն ու անգլերեն լեզուներով ընթերցել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Չեխիայի խորհրդարանին հասցեագրված կոչը:

Անցած հինգշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, Պրահայի հայ երիտասարդական միությունը բողոքի լուռ ակցիա էր անցկացրել կենտրոնում, բացի այդ Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Յիհլավա և Բռնո քաղաքներում:

Իսկ Պրահայի «Ապրիլ 24» կոմիտեի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած ոգեկոչման արարողությունն ավարտվել է Սուրբ Հոգու եկեղեցում՝ Սրբոց նահատակաց տոնին նվիրված աղոթքով:

Ներկաներին ուղերձներով դիմել են Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ, Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, չեխ օրենսդիր, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոնիշը:

Երեկոն ամփոփվել է հոգևոր երաժշտության համերգով, որի ընթացքում չեխ երգեհոնահար Կարել Լոուլան և Հայկ սարկավագ Ութիջյանը կարտարել են հայ և եվրոպացի երգահանների ստեղծագործություններ:

XS
SM
MD
LG