Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Մենք չենք հանդուրժի, որ հայ քաղաքացիները մեկուսանան»


Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս տարի ևս ապրիլի 24-ի առիթով ուղերձ է հղել Թուրքիայի հայությանը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ես այս տարի էլ հարգանքով եմ հիշում առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերին և ցավակցությունս եմ հայտնում նրանց թոռներին»:

«Թուրքերն ու հայերը, որպես այս տարածաշրջանի երկու հնագույն ժողովուրդներ, ընդհանուր պատմություն և մշակույթ են կիսել այն շրջանում, որի ընթացքում ուս ուսի ապրել են: Հայ համայնքը, ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության գրեթե 100-ամյա պատմության ընթացքում արժանի զավակներ դաստիարակելով, մեծ ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման գործում։ Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, հայերը, որպես մեր երկրի հավասար և ազատ քաղաքացիներ, սոցիալական, քաղաքական և առևտրատնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կարևոր դերակատարում ունեն»,-ուղերձում նշել է Էրդողանը:

Թուրքայի նախագահը նաև ասել է․ «Մենք չենք հանդուրժի, որ հայ քաղաքացիները մեկուսանան, օտարանան ու իրենց երկրորդ դասի քաղաքացի զգան»: Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի ղեկավարն իր խոսքում նաև Աստծո ողորմածությունն է խնդրել «առաջին համաշխարհայինի ժամանակ կյանքից հեռացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների հիշատակի համար»:

Այսօր առավոտյան Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պատարագի ժամանակ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երախտագիտությամբ հիշատակեց նախագահ Էրդողանի` վերջին տարիներին հայ համայնքին հղած ցավակցական ուղերձները: Նախորդ տարիների համեմատությամբ՝ այս տարի պատարագը բազմամարդ չէր. շուրջ 100 հայեր էին եկել՝ հարգելու 1915-ի զոհերի հիշատակը: Ոմանք հուզմունքով հիշում էին մեկ դար առաջ կորցրած նախնիներին:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը շարունակվեց Շիշլիի հայկական գերեզմանատանը, որտեղ մասնակիցները հիշեցին 2011 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգում զինվորական ծառայության ժամանակ սպանված Սևակ Շահին Բալըքչըին: Արարողությանը ներկա էին Սևակի ընտանիքի անդամները, ընկերները, համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, ինչպես նաև թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավորներ Սելինա Դեղանն ու Գարո Փայլանը:

«Սևակը Հայոց ցեղասպանության վերջին զոհն էր, մենք այսօր հիշում ենք նրան: Արդեն վեց տարի է, որ մենք չենք կարողանում արդարության հասնել Սևակի համար, ինչպես չենք հասել Հրանտ Դինքի և ցեղասպանության զոհերի համար: Սակայն, երկու տարի առաջ մենք դեռ արդարության հույս ունեինք, հիմա մթնոլորտն ուրիշ է, հանցագործությունները շարունակվում են: Միշտ ասել եմ, որ անպատիժ հանցագործությունները նոր հանցանքների են հանգեցնում: Հիմա մեզ մոտ 1913-ի մթնոլորտն է, և ավելի դժվար է արդարության հասնել, բայց պայքարում ենք դրա համար»,- ասաց Գարո Փայլանը: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորի խոսքով, սահմանադրական վերջին հանրաքվեից հետո Թուրքիան ավելի է հեռացել ժողովրդավարությունից:

Ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս խորհրդանշական ժամին՝ 19:15-ին, Ստամբուլի կենտրոնական «Իսթիքլալ» պողոտայի հարակից հրապարակում հարյուրավոր մարդիկ հիշատակի արարողություն և մոմավառություն կանցկացնեն` հարգելով ավելի քան հարյուր տարի առաջ զոհ գնացած հայերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG