Մատչելիության հղումներ

Տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է. ՊԵԿ


Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), անդրադառնալով կառավարության շենքի մոտ տեղի ունեցող առևտրականների բողոքի ցույցին, հայտարարում է, որ տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է։

Իր հաղորդագրությունում նշելով, որ օրերս հայտարարություն է տարածել բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ իրականացնելիք հսկողական լայնածավալ գործողությունների մասին, ՊԵԿ-ը շարունակում է․ - «Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ: Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, որ կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն և բխում են այն տրամաբանությունից, որի մասին նախապես կոմիտեն հայտարարել էր՝ քննարկելով նաև հասարակական կառույցների հետ»։

Ըստ կոմիտեի, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են մեկնարկել: Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը՝ բիզնեսին առաջարկելով ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը:

«Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից, ավելին՝ երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներգրավել է նաև հասարակական կազմակերպություններին: Չնայած արձանագրված դրական արդյունքներին՝ այդուհանդերձ, կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսևորել: Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը, ինչպես նախապես տեղեկացրել էր, նախազգուշացումից անցնում է հսկողական գործողությունների՝ հասարակական կազմակերպություններին ևս առաջարկելով ներգրավվել աշխատանքներում», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որոնք պետք է օրենքի դաշտում գործեն, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի:

«Ընդգծենք, որ կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են այն խոշոր տնտեսվարողների դեմ, որոնք օրենքը շրջանցելով քողարկվում են փոքրի դաշտում: Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը», - հայտարարում է կոմիտեն՝ շարունակելով. - «Հստակ նկատելի է, որ առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Իրականացվելու է հասցեական հսկողություն՝ բոլորի համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Միաժամանակ օրինապահ հարկ վճարողները կարող են վստահ լինել, որ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու իրենց գործունեությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG