Մատչելիության հղումներ

Երկարացվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շուրջ քննարկումների ժամկետը 


Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը լրագրողների հետ հանդիպմանը: 20-ը ապրիլի, 2017 թ․
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը լրագրողների հետ հանդիպմանը: 20-ը ապրիլի, 2017 թ․

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ երկու ամսով երկարաձգելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի քննարկումը՝ Կառավարությունը հնարավորություն է տալիս քաղաքացիական հասարակությանը ներկայացնել իրենց առաջարկները։

Մինչ տեղեկատվության ազատության ոլորտի մասնագետները կներկայացնեն դրանք, փոխնախարար Քրմոյանը նշում է, որ նախատեսում են ընդլայնել քաղաքացուն տեղեկություն տալու պարտավորություն ունեցող գերատեսչությունների ցանկը․ - «Տեղեկատվություն տնօրինողների շարքում մենք լրացրել ենք նաև պետական կազմակերպությունները, որովհետև պետության կողմից հիմնադրված կազմակերպությունները դուրս էին մնացել օրենքի կարգավորման դաշտից: Երկրորդը, համայնքային հիմնարկները և կազմակերպությունները․ տեսեք, շատ քննարկվում են համայնքային ենթակայության դպրոցներ, մանկապարտեզներ, ջրամատակարարման, կոմունալ տնտեսության կառույցներ: Մենք, որպես տեղեկատվություն տնօրինող և ըստ այդմ օրենքի կարգավորման դաշտ ենք բերել նաև պետական կազմակերպություններին և համայնքային հիմնարկներին»:

Փոխնախարարի պնդմամբ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխությունների ու լրացումների նախագծում լուրջ բարեփոխումներ են նախատեսել։

Մինչդեռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ նախագիծը չի լուծում օրենքի բացերը:

Անցած տարիների ընթացքում պետական կառույցներին դատարաններում հաղթած Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Լիանա Դոյդոյանն ասում է, թե այս օրինագծով չլուծված է մնում քաղաքացու տեղեկատվության իրավունքը խախտած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը՝ անցած 13 տարիների ընթացքում դատարանները միայն նման 2 որոշում են կայացրել․ - «Մեզ համար կարևորը, ամենաառաջնահերթը պատասխանատվության մեխանիզմների ուժեղացումն է»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեց վերջերս Արմավիրի մարզի Նալբանդյանի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանին, ով հրաժարվել էր տեղական բյուջեի մասին «Ազատության» հարցերին պատասխանել՝ այն համեմատելով սեփական գրպանի պարունակության հետ․ - «Այդ գյուղապետին շտապ պետք է կա՛մ պատասխանատվության ենթարկել, կա՛մ սովորեցնել աշխատել, կա՛մ ուղղակի հեռացնել այդ աշխատանքից, որովհետև իրեն հարց են տալիս համայնքի բյուջեի մասին, ասում ա՝ ես առհասարակ էդ ինֆորմացիան չեմ տալիս, դա միևնույնն ա, ոնց որ գաք մեր տուն, մտնեք իմ գրպանը»:

Արդարադատության փոխնախարարը, մինչդեռ, հավաստիացնում է, որ օրինագծով այս խնդիրը լուծում կստանա։ Քրմոյանը նաև հավելեց՝ նախատեսում են օնլայն համակարգի ներդրումը․ - «Մենք գաղափար ենք դրել, որ պետությունը կստեղծի տեղեկատվական էլեկտրոնային հարթակ, որտեղ քաղաքացին կարող է մտնել և համացանցի միջոցով հարցում ուղարկել և հարցման պատասխանը ստանալ առանց ժամկետի ձգձգման: Եվ այդ հարթակը վերահսկելի կլինի նաև ժամկետների մասով»:

Քաղհասարակության ներկայացուցիչների մեկ այլ մտահոգություն վերաբերում է օրինագծով մարդու իրավունքների պաշտպանին կից տեղեկատվության ազատության հանձնակատար ունենալու խնդրին։ Շուշան Դոյդոյանը պնդում է, թե օմբուդսմենը որոշում կայացնող մարմին չէ և չի կարող պետական որևէ գերատեսչության ստիպել տեղեկություններ տալ քաղաքացիներին։ Մինչդեռ եվրոպական երկրներում հանձնակատարը անկախ մարմին է և նրա որոշումը կարող է փոխարինել դատարանի որոշմանը։

«Այսօրվա նախագծում այս խնդիրը չի լուծվում: ՄԻՊ-ի կազմում խորհուրդ ստեղծելու քննարկումների արդյունքում էլ եկանք այն եզրահանգման, որ միևնույն է դատարանով պիտի կարողանանք վիճարկել մեր խախտված իրավունքի վերականգնումը: ՄԻՊ-ը պարզապես ուսումնասիրում է, ինչև այսօր էլ ունի այս լիազորությունը․․․ Եվ առանձին, որ խորհուրդ կստեղծի հասարակական կազմակերպություններից կազմված, նույնիսկ կարծեմ անվճար հիմունքներով աշխատող, չեմ կարծում, որ նոր, հավելյալ բան կավելացնի էս ոլորտին և կկոչվի բարեփոխում»:

Արդարադատության փոխնախարարի փոխանցմամբ, առաջիկա ամիսներին քննարկումներ կանցկացնեն քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ նրանց առաջարկները ևս ներառելով նախագծում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG